Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ մայրաքաղաքում եւ մարզերում․ հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում

Վարժանքներ մայրաքաղաքում եւ մարզերում․ հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում

2188
Տարածել

Ուսումնական հաստատություններում շարունակվում են արտակարգ իրավիճակների տարբեր թեմաներով միջոցառումները:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները Սասունիկի եւ Կարինի միջնակարգ դպրոցներում անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություն։

Մարտի 25-ին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատն Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում» թեմայով:

Նույն օրը Արմավիրի քաղաքապետարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջում եւ տարհանում» թեմայով: Մասնակցել են քաղաքապետ Դ. Խուդաթյանը եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: Ըստ սցենարի՝ աշխատակիցները տարհանվել են, կատարվել է հրդեհաշիջում, փրկարարները ծխապատ գոտուց հատուկ պաշտպանիչ հանդերձանքով դուրս են բերել աշխատակցի: Վարժանքից հետո ՄՓՎ պետը քաղաքապետարանի անձնակազմին ծանոթացրել է նաեւ տարհանման եւ երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոններին։ Բացթողումների եւ թերությունների վերացման համար տրվել են համապատասխան ցուցումներ:

Վայոց ձորի մարզի Ագարակաձորի միջնակարգ դպրոցում ուսումնավարժությունն այս անգամ «Օդային տագնապի» դեպքում անձնակազմի պատսպարումն էր։ Մասնակցել է 174 աշակերտ եւ ուսուցչական կազմը, մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Վարժանքներ են անցկացվել նաեւ Երեւանում: Մարտի 22-ին թիվ 140 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ներգրավվել են մանկապարտեզի հասարակական կարգի պահպանության, փրկարարական, հակահրդեհային, կապի եւ ազդարարման, բժշկական կազմավորումները եւ տարհանման խումբը։

Մարտի 23-ին «Աշակերտների եւ անձնակազմի պատսպարումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» ուսումնավարժություն է իրականացվել թիվ 175 միջնակարգ դպրոցում։ Ըստ սցենարի՝ կատարվել են պատսպարում, հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներ։ Ի հայտ եկած թերությունների վերաբերյալ տրվել են ցուցումներ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները