Գլխավոր Վերլուծություն Փետրվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումներ

Փետրվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումներ

1153
Տարածել

Ինչպես եւ ամեն ամիս, 2021 թվականի փետրվարին էլ, փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը:

Մասնավորաբար. Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Ծաղկահովիտ, Կարբի, Մուղնի համայնքներում անցկացվել է «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Արմավիրում անցկացվել է «Արգելափակված  ավտոմեքենաների դուրսբերումը ձնաբքի հետեւանքով փակված ավտոճանապարհներից», Լոռիում՝ «Ավտոճանապարհին առաջացած մերկասառույցի հետեւանքների վերացման միջոցառումներ», Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ «Ձնաբքի հետեւանքով փակված ավտոճանապարհի մաքրման աշխատանքների իրականացում», Սյունիքում՝ «Ձնաբքի եւ մերկասառույցի պայմաններում արգելափակված եւ վթարված մեքենաների դուրսբերումը երթեւեկելի հատված,  ճանապարհների մաքրման աշխատանքների եւ տուժածների օգնության կազմակերպումը»  թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի թիվ 4, 11, 65, 81, 98 եւ այլ դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» թեմայով ուսումնավարժություններ: Նույն թեմայով վարժանք է անցկացվել նաեւ Տավուշում: Կոտայքի Հրազդան քաղաքում անցկացվել է՝ «Հրազդանի ջերմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը 220 ԿՎ բաց բաշխիչ սարքավորումների տարածքում՝ յուղային անջատիչում կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով վարժանք: Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում անցկացվել է «Հրդեհաշիջումը առողջարանի կաթսայատանը» թեմայով ուսումնավարժություն:

Հատուկ տախտիկական, ցուցադրական ուսումնավարժություններին զուգահեռ, փրկարարները կազմակերպում են նաեւ շտաբային ուսումնավարժություններ, որոնց նպատակն է արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ ծագման դեպքում, հետեւանքների նվազեցման եւ վերացման, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմինների ղեկավար կազմի կառավարման հմտությունների կատարելագործումը:

Մասնավորաբար. Արարատի մարզի Վերին Արտաշատ Տափերական, Այգեզարդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լճաշեն, Դդմաշեն, Վարդենիկ համայնքներում կազմակերպվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», Արագածոտնի մարզի Արագածոտն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա համայնքներում՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Վարժանքներին զուգահեռ կազմակերպվել են նաեւ դասեր, դասախոսություններ՝ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դարի մարտահրավերներին ընդառաջ» եւ այլ թեմաներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Հունվարի ուսումնավարժությունների մասին կարդացեք այստեղ