Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ հոդախախտ

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ հոդախախտ

2508
Տարածել

Մարդու հոդերի շարժման ծավալները սահմանափակ են, եւ եթե հոդում կատարվող շարժումն անցնում է տվյալ հոդի շարժունության սահմանը, կարող է առաջանալ հոդախախտ։ Հոդախախտը հոդը կազմող ոսկրերի կայուն տեղաշարժն է միմյանց նկատմամբ։ Սովորաբար հոդախախտ է գրանցվում մեծ ուժերի ազդեցության տակ։ Հոդախախտը միշտ ուղեկցվում է կապանների ձգումով։

Մատների միջֆալանգային հոդերի, ուսագոտու հոդերի կապանային համակարգերը թույլ են․ այս հոդերն ավելի անպաշտպան են հոդախախտերից, եւ ավելի շատ հոդախախտեր գրանցվում են հենց այս հոդերում։ Եթե հոդախախտ առաջացրած ուժը մեծ է, ու դրա  ազդեցությունը՝ երկարատեւ, հոդախախտը կարող է ուղեկցվել կոտրվածքով, հոդի մոտակա նյարդերի ու արյունատար անոթների վնասվածքով։

Հոդախախտի նշաններն են ցավ, այտուց, վնասված մասի մաշկի գույնի եւ ձեւի փոփոխություն, վնասված մասի գործունեության խանգարում։ Երբեք չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն տեղը գցել, այդ գործողությունը կբերի միայն վնասվածքի բարդացման, քանի որ պահանջում է հատուկ հմտություն։

Առաջին օգնությունը

  • Խոսե՛ք տուժածի հետ, հանգստացրե՛ք նրան, օգնե՛ք, որ հարմար դիրք ընդունի, անշարժացրե՛ք վնասված մասը։
  • Սառեցրե՛ք վնասված մասը։ Սառեցումը նպաստում է արյունահոսության, այտուցի եւ ցավի նվազմանը։
  • Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ դրանք փոխանցե՛ք դեպքի վայր հասած արագ արձագանքման աշխատակիցներին։