Գլխավոր Վերլուծություն Նոր տանիքի սպասումով

Նոր տանիքի սպասումով

1769
Տարածել

2015թ. հուլիսի 23-ին Հայաստանի կառավարությունը թիվ 797 որոշմամբ հաստատեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը»։

Ծրագրի պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, համակարգողը՝  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

Սկզբնական փուլում Հայաստանում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցից ծրագրում ներառվել էր 495-ը։ Հաստատվել էր սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցի ցանկը, այդ թվում՝ 60 «ամենառիսկային» դպրոցից 56-ը։ Կառավարության 2017թվականի հունվարի 26-ի թիվ 97, ապա հուլիսի 13-ի թիվ 805 որոշումներով՝ դպրոցների թիվը դարձավ 425, եւ հաստատվեց սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցման եւ ամրացման ենթակա 20 դպրոցի ցանկը՝ 11264 աշակերտով։ 2-րդ փուլում պետական լիազոր մարմինների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը մարզպետարանների առաջարկությունների հիման վրա ընտրեց եւս 26 դպրոց:

Դպրոցական շենքերի հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանց ամրացումը ֆինանսապես նպատակահարմար չէ, քանի որ շենքերը գտնվում էին կոնստրուկտիվ եւ տեխնիկապես վատ վիճակում: Բացի Երեւանի թիվ 51 հիմնական դպրոցից՝ մյուսները համարվել են քանդման ենթակա:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ, «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» համակարգող Հայկ Գալստյանը վստահեցնում է՝ նոր կառուցվող բոլոր դպրոցների նախագծերը, ինչպես նաեւ ավարտված շենքերն անցնում են միջազգային փորձաքննություն եւ ստանում 9 բալ երկրաշարժին դիմակայունության վկայական: Որդեգրվել են ժամանակակից նորարարական մոտեցումներ դպրոցական շենքերն ավելի մատչելի եւ արդյունավետ կառավարելի դարձնելու համար (ներդրվում են արեւային պանելներ, արեւային ջրատաքացուցիչներ եւ այլն): 2016 թվականին մեկնարկեց Երեւանի թիվ 135 եւ 153 հիմնական, Վանաձորի թիվ 7 հիմնական, Կապանի թիվ 7 հիմնական, Ստեփանավանի թիվ 3 հիմնական, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ եւ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցների կառուցումը, որը նախատեսվում էր ավարտել այս տարվա փետրվարին։ Սակայն ներկա դրությամբ շահագործման պատրաստ են միայն երկուսը՝ Վանաձոր թիվ 7 եւ Երեւանի թիվ 153 դպրոցները։ Հայկ Գալստյանի խոսքով՝ վերջնաժամկետները երկարացվել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ՝ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տարածքի աշխարհագրական բարդ ռելիեֆը նոր հաշվարկների տեղիք է տվել, որոշվել է փոխել շենքի տիպը։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները դադարեցվել էին 2017 թվականին պատահական գտածոների հայտնաբերումից հետո: Այնուհետեւ 2019 թվականին դադարեցվել էր նաեւ դպրոցի շինարար կապալառուի հետ պայմանագիրը: Օրեր առաջ այցելել ենք Երեւանի թիվ 135 հիմնական դպրոց՝ տեղում ծանոթանալու ուսումնական գործընթացին եւ շինարարական աշխատանքներին։

Դպրոցն ունի 1432, այդ թվում՝ մոտ 50 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ։ Չորս տարի ողջ անձնակազմը տեղավորվել է Երեւանի թիվ 133 հիմնական դպրոցի չգործող մասնաշենքերից մեկում։ Ծանրաբեռնվածության պատճառով դասերը կազմակերպվում են երկու հերթով թե՛ դասասենյակներում, թե՛ միջանցքներում։  Թեպետ ջեռուցում կա, սակայն ձմռանը միջանցքում նստողների համար հեշտ չէ վերարկուից հրաժարվելը։ «Ամեն ինչ անում ենք, որ դասապրոցեսը չտուժի։ Այս մասնաշենքը 20 տարուց ավելի չէր շահագործվել։ Մեր դպրոցի կաթսաներն ենք բերել,  նորոգել ապակիներն ու տանիքը։ Ավտոբուսն ու «Գազել» մակնիշի մեքենաներն ապահովում են  աշակերտների ամենօրյա տեղափոխումը»,- մանրամասնում է տնօրեն Գարեգին Ներսեսյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ դպրոցի նախկին շենքն ուներ ցածր սեյսմակայունություն՝ 3-4 բալ։ Նոր դպրոցի կառուցման աշխատանքները,  տնօրենի խոսքով, դանդաղում են աշխատուժի պակասի պատճառով։ Հարցն անցած ձմռանը դրվել է քննարկման։ Շինարարական կազմակերպությունը «Ախուրյանի Կոոպշին» ՍՊ ընկերությունն է, նախագծայինը՝ «Մովարթսուդիո  եւ Գլոմմա ԱԿ ՀԳ» ընկերությունները։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 1 995 143,7 դրամ։

«Ախուրյանի Կոոպշին» ընկերության աշխատանքների ղեկավար Գագիկ Մանուկյանի խոսքով՝ ներկայումս տեղանքում աշխատում է 43 հոգի։ Շինարարության ընթացքում լրացուցիչ խնդիրներ էին ստեղծել հողային աշխատանքների եւ շինարարական նյութերի գույնի ընտրության շուրջ անհամաձայնությունը, որոշ կառուցվածքային փոփոխություններ, մալուխների տեղափոխման հարցը եւ այլն։ Քառահարկ կարկասային նոր շենքն ունենալու է մետաղե տանիք, երեք մասնաշենքում, բացառությամբ չորրորդ հարկի, լինելու են դասասենյակներ, երկու վերելակ, թեքահարթակներ։ Կառուցվում է ճաշարան, միջանցք բեմահարթակով, նիստերի դահլիճ։ Նկուղային հարկում սենյակներ են հատկացվելու արտադասարանական խմբակներին, հրաձգարանին, «Ռազմագիտություն» եւ «Տեխնոլոգիա» առարկաներին։ Նկուղը ծառայելու է նաեւ որպես ապաստարան։ Գարեգին Ներսեսյանը հպարտանում է՝ դպրոցն ունենալու է քիմիայի լավագույն ժամանակակից դասասենյակը՝ անհրաժեշտ սարքավորումներով, օդափոխման եւ անվտանգության համակարգերով։

Շինղեկի վստահեցմամբ՝ դպրոցը շահագործման կհանձնվի հունիսին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հստակ ժամկետ չեն նշում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝  հեղինակի

Հ.Գ. 2020 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել մնացած յոթ դպրոցի կառուցումը։ 2019 թվականից շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ Երեւանի թիվ 51 հիմնական դպրոցում եւ Երեւանի «Հերացու անվան ավագ դպրոցում»։ Այս տարի կմեկնարկի եւ 24 դպրոցի կառուցման գործընթացը։