Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Տավուշ, Սյունիք, Արմավիր

Փրկարարական տարվա ամփոփում․ Տավուշ, Սյունիք, Արմավիր

2303
Տարածել

Տավուշի, Սյունիքի եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են նախորդ տարվա աշխատանքը։

Տավուշ

Գրանցվել է 848 արտակարգ դեպք-պատահար (2018 թվականին՝ 363), որոնց հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 96 մարդ։ 696 տեխնածին դեպքերից 519-ը եղել է հրդեհ։

Մարզային վարչության մասնագետներն Գետահովիտ համայնքում իրականացրել են սողանքային գոտու սողանքային մարմնի տեղաշարժի մոնիտորինգ, ճշգրտել բազմաբնակարան վթարային շենքերի տվյալները, մասնակցել «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության կողմից Լճկաձորի սողանքային գոտում սողանքի հնարավոր ակտիվացման եւ քարաթափման վտանգների գնահատման աշխատանքներին։ Գոշ, Խաշթառակ, Լճկաձոր, Մովսես, Այգեձոր, Տավուշ, Դովեղ համայնքներում կատարվել է քարաթափման, իսկ Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Գետահովիտ, Վազաշեն, Լճկաձոր Դիլիջան, Հաղարծին, Հովք եւ Գոշ համայնքներում՝ սողանքային տեղամասերի ուսումնասիրություն:

Մասնակցություն է ցուցաբերվել Տավուշի մարզպետարանի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագետների՝ մարզում առկա երկաթուղային թունելները որպես բնակչության համար պատսպարման վայրեր օգտագործելու վերաբերյալ ուսումնասիրությանը, ինչպես նաեւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ծրագրով Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում ու Վազաշեն համայնքում «Սմարթ» սենյակների վերանորոգման եւ կահավորման աշխատանքներին:

Բերդ քաղաքում, Տավուշ, Արծվաբերդ, Նորաշեն, Չորաթան եւ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում տեղադրվել է ու մարզի բնակչության ազդարարման միասնական համակարգի ցանցին միացվել C-40 տիպի 7 ազդարարման շչակ։

Մարզի 31 փրկարար ծառայող ուսուցում է անցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատություններում։

Բարեկարգվել է մարզային փրկարարական վարչության տարածքը, հիմնովին վերանորոգվել է Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը։ Իջեւանի եւ Նոյեմբերյանի ՀՓՋ-երը համալրվել են համապատասխանաբար «Նիսան Պատրոլ» եւ «Գազել 2705» մակնիշի նոր փրկարարական մեքենաներով:

Սյունիք

Գրանցվել է 950 արտակարգ դեպք-պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 21, վիրավորվել 139 մարդ: Տեխնածին բնույթի 877 արտակարգ դեպք-պատահարներից 516-ը եղել է հրդեհ։

Նախորդ տարվա մարտին մարզի փրկարարները ձնաբքից պայմաններում խցանումից եւ արգելափակումից դուրս են բերել 2500 ավտոմեքենա եւ 5735 ուղեւոր։

Արտակարգ իրավիճակների նախարարության, Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Չաարատ Կապան» ընկերության եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Գեղիի ջրամբարի, Արծվանիկի եւ Գեղանուշի պոչամբարների պատվարի փլուզման դեպքում Կապան համայնքի դիմակայունության կարողությունների զարգացման նպատակով։

Վերածրագրավորվել եւ փորձարկվել են մարզում առկա հեռակառավարվող ազդարարման վերջնակետային սարքավորումները, տեղադրվել են նոր ծրագրավորված ուղղորդիչ սարքավորումներ։

Հրշեջ-փրկարարարական ջոկատներին հատկացվել է 5 «Իսուզու» մակնիշի մեքենա։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Մեղրիի ՀՓՋ-ին նվիրաբերել է անօդաչու թռչող սարք: Վերանորոգվել են Մեղրիի եւ Գորիսի ՀՓՋ-երի շենքերը, Սիսիանի ՀՓՋ-ում եւ Ագարակի հենակետում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

ԱԻ նախարարի հրամանի համաձայն՝ որոշվել է հենակետեր բացել Կապանի Նորաշենիկ եւ Շիկահող բնակավայրերում, Տաթեւ համայնքի Շինուհայր եւ Տեղ համայնքի Տեղ բնակավայրերում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր եւ Լիճք բնակավայրերում։

Արմավիր

Գրանցվել է 979 արտակարգ դեպք-պատահար (2018 թվականին` 593), որոնցից 620-ը՝ հրդեհ։

Մարզային վարչությունը մեթոդական օգնություն եւ մասնակցություն է ցուցաբերել 30 համայնքում անցկացված «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «ՔՊ միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով շտաբային ուսումնավարժությունների անցկացմանը:

Վարչության առաջարկով եւ մարզպետի որոշմամբ համայնքներին հանձնարարվել է իրենց տարածքներում տեղադրել նոր հիդրանտներ, վերանորոգել վնասված եւ ասֆալտապատման հետեւանքով գետնի տակ մնացած հիդրանտները, գյուղական բնակավայրերում կառուցել ջրավազաններ։

Պետական ծրագրով վերանորոգվել են վարչության վարչական շենքի տանիքը, Վաղարշապատի եւ Արմավիրի ՀՓՋ-երում մոնտաժվել է ջեռուցման համակարգ: Ներկայումս Վաղարշապատի ՀՓՋ-ում իրականացվում են վարչական շենքի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Կոլաժը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ