Գլխավոր Վերլուծություն «Դիմակայուն Հայաստան» շարժման հռչակագիր

«Դիմակայուն Հայաստան» շարժման հռչակագիր

2326
Տարածել

Շարժման նպատակն է՝ խթանել ազգային ներուժի ներգրավումն ու համախմբումը՝ հանուն Հայաստանի դիմակայուն զարգացման։

Ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարստությունը մարդ֊անհատն է, եւ գործադրվող բոլոր ջանքերն ուղղված են քաղաքացու բարօրությանը, անվտանգ, ապահով եւ կայուն զարգացմանը, քանի որ նա է գալիք օրվա գլխավոր երաշխավորը, թիրախը, պահանջատերն ու շահառուն, որ չկա ավելի կարեւոր ներդրում քան սեփական նվիրումն ու մասնակցությունն է պետության դիմակայունության կերտմանը.

Հաշվի առնելով, որ ինչպես վերջին տարիներին աղետների ռիսկի առկայությունն է խոչընդոտում կայուն զարգացման գործընթացներին, այնպես էլ զարգացման  մարտահրավերներն են հանգեցնում նոր ռիսկերի առաջացմանը կամ դրանց մեծացմանը, ինչի հետեւանքով զգալիորեն աճում են մարդկային, տնտեսական եւ շրջակա միջավայրի կորուստները, 

Գիտակցելով աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառները, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, չպլանավորված արագ ուրբանիզացումը, ժողովրդագրական փոփոխությունները, բնական պաշարների անարդյունավետ օգտագործումը, էկոհամակարգերի  քայքայումը, հաստատութենական զարգացման թերի մակարդակը, հողօգտագործման կառավարման խնդիրները, աղքատությունը եւ սոցիալական խոցելիությունը,

Կարեւորելով աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կրթության զարգացումը, հանրության իրազեկվածության բարձրացումը եւ դիմակայունության մշակույթի ձեւավորումը,

Ընդգծելով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հանրության բոլոր շերտերի համախմբման եւ մասնակցության հրամայականը,  

Գնահատելով Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի գիտակցումով պայմանավորված կայուն զարգացման գործընթացի ապահովման գործում միջազգային  եւ տեղական գործընկերների ջանքերը,

Վերահաստատելով Կայուն Զարգացման Գլոբալ Օրակարգից, Աղետների Ռիսկերի Նվազեցման  Սենդայի Շրջանակային ծրագրից, Կլիմայի Փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից եւ ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունից բխող Հայաստանի Հանրապետության հանձնառությունները,   

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ  անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովը նախաձեռնում է Դիմակայուն Հայաստան» շարժումը եւ կոչ է անում.

  1. ՀՀ Ազգային ժողովի մարմիններին՝ շարունակական աջակություն ցուցաբերել աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման գործընթացին՝  բարենպաստ օրենսդրական դաշտի ձեւավորման եւ բավարար բյուջետային հատկացումների միջոցով,
  2. Իրականացնել շարունակական արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացի նկատմամբ,
  3. ՀՀ կառավարությանը՝ աղետների ռիսկի կառավարման գործընթացում բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների միջեւ ակտիվ համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական, օրենսդրական, կազմակերպչական եւ ֆինանսական միջոցներն ու նախադրյալները, 
  4. Բոլոր գործընկերներին՝ աջակցել աղետների ռիսկի նվազեցման գործում առանձնակի խոցելիության, սեռա-տարիքային եւ կարիքավոր խմբերի խնդիրների բացահայտմանն ու լուծմանը, 
  5. Դիմել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործող տեղական, ազգային եւ միջազգային համապատասխան կառույցներին՝ ակտիվացնելու անդրսահմանային գործընկերությունը՝ համատեղ ուժերով նոր մակարդակի բերելով դիմակայության մշակույթը,
  6. Նախաձեռնել  «Խորհրդարանականները՝ հանուն երկրի դիմակայուն զարգացման» միջազգային շարժումը՝ կարեւորելով խորհրդարանների դերն ու նշանակությունն աղետների ռիսկի կառավարման գործընթացում: 
  7. Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները ներառել զարգացման ծրագրերում:

Հռչակագիրն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ-ում անցկացված «Դիմակայուն Հայաստան» խորհրդարանական լսումների արդյունքում