Գլխավոր Ուսուցողական նյութեր Զեկույց. ՀՀ ԱԻՆ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությունը կառավարչական կարեւոր գործառույթ

Զեկույց. ՀՀ ԱԻՆ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությունը կառավարչական կարեւոր գործառույթ

2328
Տարածել

Կառավարչական գործունեության հատուկ գործառույթ է երկրաշարժի գոտում փրկա­րա­րական աշխատանքներ իրականացնող անձնակազմի կառավարումը, որի գլխավոր օբյեկտը մարդն է՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման կազմում: Անձնակազմի կառավարման ժամանակակից հայեցակարգը հիմնված է ինչպես վարչական կառավարման սկզբունքների եւ մեթոդների, այնպես էլ մարդկային հարաբերությունների, մոտիվացիայի եւ անձի համակողմանի զարգացման սկզբունքների վրա:

Փաստ է, որ փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների միջոցների ու եղանակների կատարելագործման հետ մեկտեղ մեծանում է նաեւ մարդու բարոյահոգեբա­նական գործոնի դերը: Հետեւաբար, միանգամայն հասկանալի է, թե ինչու է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման հիմքերի ամրապնդումը դասվում ՀՀ ԱԻՆ քաղաքականության գերակա խնդիրների շարքը:

Փրկարարի բարոյահոգեբանական պատրաստման՝ ԲՀՊ, կոնկրետ խնդիրներն ու բովանդա­կությունը, դրա ուղղվածությունը պետք է միտված լինեն այնպիսի բարոյահոգեբանական կլիմայի ձեւավորմանը, որն անձնակազմին հնարավորություն տա երկրաշարժի գոտում առա­ջա­դրված խնդիրները կատարելու ցանկացած պահի, տարբեր իրավիճակներում եւ պայման­ներում:

ՀՀ ԱԻՆ անձնակազմի գործունեության ԲՀՊ-ն այնպիսի միջոցառումների համալիր է, որոնք ուղղված են անձնակազմի մարտական ոգու, կայուն բարոյահոգեբանական եւ բարձր մակարդակի կարգապահության, փրկարարական կոլեկտիվների ներդաշնակման եւ հակազդման ապահովմանը, երկրաշարժի հե­տեւանք­ների (բազմաթիվ զոհեր, ավերածու­թյուններ եւ այլն) բացասական հոգեբանական ներգործության հաղթահարմանը:

Բարոյահոգեբանական պատրաստության թե՛ նպատակները, թե՛ խնդիրները բազմազան են եւ դրա ծավալն ու բովանդակությունը պետք է պայմանավորված լինի երկրաշարժի գոտում փրկարարական խնդիրների իրականացման բնույթով, այդ խնդիրների կատարման պայմաններով, անձնակազմի գործունեության առանձնահատկություններով:

Այդ տեսակետից առավել կարեւոր խնդիրներն են.

  • արտակարգ իրավիճակներում, մասնավորապես ուժեղ երկրաշարժի ժամանակ բնակ­չու­թյան պաշտպանության ու անվտանգության ոլորտում պետության կողմից վարող քաղաքականության պարզաբանումը,
  • առաջադրված խնդիրները բարդ իրավիճակներում հաջող կատարելու համար փրկարա­րական անձնակազմի պատշաճ մակարդակի պատրաստության եւ կարողության ձեւավո­րումը,
  • երկրաշարժի ծանր հետեւանքների ազդեցության նկատմամբ բարոյահոգեբանական կայունության ձեռքբերումը,
  • անձնակազմի իրավագիտակցության եւ ծառայողական կարգապահության պատշաճ մակարդակի պահպանումը,
  • հոգեբանածին կորուստների նվազեցումը,
  • փրկարար ծառայողների հոգեւոր եւ ֆիզիկական ուժերի վերականգնումն ու պահպա­նումը,
  • երկրաշարժի շրջաններում փրկարար ծառայողների համար բարենպաստ բարոյահոգե­բանական ու տեղեկատվական իրավիճակի ստեղծումը,
  • անձնակազմի եւ բնակչության պաշտպանությունը հնարավոր բացասական տեղեկութա­հոգեբանական ներգործությունից,
  • անձնակազմի հոգեւոր-մշակութային ապահովումը եւ այլն:

 

Երկրաշարժի գոտում ստեղծված իրավիճակը կամ ինչպես ասում են աղետի հոգեծին գործոնները, աղետածին ստրեսոր­ներ, էապես փոխում են մարդու հոգեվիճակը եւ վարքը: Բարոյահոգեբանական պատրաստության արդյունավետ համակարգի մշակման համար անհրաժեշտ է վերլուծել միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների փրկարար ծառայողների բարոյահոգեբանական պատ­րաստ­ման համակարգը: Դա հնարավորություն կտա`

  1. ստանալու այդ խնդրի հետ կապված բազմակողմանի տեղեկույթ,
  2. լավագույնս համադրելու տարբեր երկրների փրկարար ծառայությունների ԲՀՊ համակարգերը եւ մեխանիզմները, դրանք համեմատելու ՀՀ ԱԻՆ-ում գործող համանման համակարգերի եւ մեխանիզմների հետ,
  3. ընդօրինակելու ուշադրության արժանի համակարգերը, մեխանիզմները` տեղային պայ­ման­ների հաշվառմամբ,
  4. որոշելու այն մեթոդների ու ձեւերի արդյունավետության սահմանները, որոնք կիրառվում են ԲՀՊ ընթացքում,
  5. մշակելու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ հայեցակարգային մոտեցումներ,
  6. ստեղծելու ՀՀ ԱԻՆ անձնակազմի գործունեության ԲՀՊ արդյունավետ համակարգ:

 

Գրագետ հրամանատարը նախ պետք է հոգ տանի փրկարարկան անձնա­կազմի բարոյահոգեբանական վիճակի մակարդակի բարձրացման մասին: Փրկարարը հոգեբանական առումով, որքան լավ է պատրաստված այս կամ այն խնդիրների կատարմանն աղետի գոտում, այնքան թույլ է նրա հոգեբանական լարվածությունը, եւ նրա հոգեկանը շատ ավելի արագ է հարմարվում լարված իրավիճակներին: Փրկարար ծառայողի մասնագիտական գործունեության արդյունավետու­թյունն ապահովող, մասնագիտորեն կարեւոր որակներ են բարոյահոգեբանական այն ունակու­թյունները, որոնք հիմնված են ամուր կամքի, նպատակաուղղվածության, վճռականության, համառության, ստեղծագործական մոտեցման վրա:

Փրկարար ծառայողի անձնային որակների, հետաքրքրությունների ու հակումների շար­քում պետք է դասել առույգությունը, արտաքին գրավչությունը, ինքնավստահությունը, նպատա­կաուղղվածությունը, ընդունվող որոշումների մեջ հաստատուն լինելը, համբերատարությունը, տակտի զգացումը, պահանջկոտությունը, քննադատական մտտեցումը, սթրեսակայու­նու­թյու­նը, ճկունությունը, ստեղծարարությունը, զարգացած ինտուիցիայի առկայությունը, անձնային աճի մշտական ձգտումը, հումորի զգացումը:

Ժամանակակից փրկարար ծառայողին անհնար է պատկերացնել առանց առույգության, նա պետք է արագ գործի, նոր գիտելիքները համադրի հնի հետ, ընկալի նոր գաղափարներ, կայացնի նոր որոշումներ, աշխատակիցներին վարակի իր լավատեսությամբ եւ ինքնավստա­հությամբ: Շատ կարեւոր է նաեւ, որ նա լինի ինքնավստահ, այդ դեպքում նրան կվստահեն նաեւ իր աշխատակիցները:

 

 

Հրապարակումը պատրաստվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Ռուզաննա Ղարիբյանի «Երկրաշարժի օջախում աշխատող ՀՀ ԱԻՆ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությունը, որպես կառավարչական գործունեության կարեւոր գործառույթ» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպված ուսանողական միջբուհական «Դիմակայուն Հայաստան» գիտաժողովում: Գիտաժողովը նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: