Գլխավոր Ուսուցողական նյութեր Նորագույն տեխնոլոգիա՝ փրկարարական աշխատանքներում

Նորագույն տեխնոլոգիա՝ փրկարարական աշխատանքներում

2568
Տարածել

Ավստրիական եւ Շվեյցարական Կարմիր խաչերի, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) 2012 թվականից իրականացնում է «Կառուցենք անվտանգ եւ կայուն համայնքներ» ծրագիրը։ Նպատակն է նվազեցնել Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքների բնակչության` աղետների նկատմամբ խոցելիությունը, ամրապնդել նրա կարողությունները վտանգավոր երեւույթներին դիմակայելու հարցում:

Ծրագրի շրջանակում ՀԿԽԸ-ն Ստեփանավանի կամավորական փրկարարական հատուկ ջոկատին հատկացրել է Matrice 600 Pro հեռակառավարվող դրոն։ Սարքը կշռում է մոտ 15 կգ, կարող է բարձրանալ առավելագույնը 2,5 կմ, զարգացնում է մինչեւ 65 կմ/ժ արագություն, hագեցած է տեղանքի քարտեզագրման հնարավորություն ունեցող Zenmuse X4S DJI տեսախցիկով, ունի սենսորներ, որոնք պաշտպանում են սարքն արտաքին վտանգներից։ Կիրառելի է -10-ից +40 ջերմաստիճանի պայմաններում։

Այս բազմաֆունկցիոնալ դրոնը նպատակահարմար է հատկապես փրկարարական աշխատանքների համար։ Այս հարցում կամավորական ջոկատին օգնելու են Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի հրահանգիչները։

«Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանի խոսքով՝ դրոնը կարող է իրականացնել որոնում եւ հետախուզություն, փրկարարներին եւ տուժածին հասցնել մինչեւ 12 կգ ծանրությամբ բեռ։ Լեռնային անանցանելի գետերի դեպքում հնարավոր է դրոնի միջոցով գետի մյուս ափ պարան հասցնել եւ պարանային աշխատանքներ կազմակերպել։

«Նախատեսում ենք սարքն օգտագործել նաեւ տուրիստական երթուղիների սպասարկման եւ անվտանգության, անտառային հրդեհների ժամանակ հետախուզության եւ ռիսկերի գնահատման, սողանքների մոնիթորինգի համար։ Հնարավոր է նաեւ համագործակցություն քաղաքապետարանի հետ Ձորագետին հարակից անտառային հանգստյան գոտում հետախուզության նպատակով, որպեսզի կանխենք խարույկների պատճառով հնարավոր հրդեհների վտանգը»,- մանրամասնեց Արմեն Առաքելյանը։

Այլ ծառայությունների հետ համագործակցության փաստաթղթերը մշակման փուլում են։ «Լոռէ» ջոկատի ղեկավարը հավելեց, որ դրոնի աշխատանքին կծանոթանան նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի բոլոր ուսանողները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Լոռէ» ջոկատը