Գլխավոր Միջոցառումներ Համագործակցություն՝ ՀՀ զինված ուժերի հետ

Համագործակցություն՝ ՀՀ զինված ուժերի հետ

3245
Տարածել

Փետրվարի 13-ին ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսում անցկացվեց զորավարժություն՝ նվիրված տարբեր իրավիճակներում անվտանգության վարքականոնին։ Ծավալվել էր 6 ուսումնական կետ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս զորավարժությանը ներգրավվել էր Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը, որը ներկայացրեց հրդեհի, լեռնային պայմաններում պարանային աշխատանքների, վրանների ծավալման ժամանակ անվտանգության կանոնները, ջերմահարությունից ու ցրտահարությունից պաշտպանության վարքականոնը, կրակմարիչների կիրառությունը եւ այլն։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մնացական Փոստոյանի խոսքով՝ Վարդենիսի տարածաշրջանի ռելիեֆը բազմազան է․ կան կտրուկ իջվածքներ, որոնք ձմռանը ձյունալցվում են, եւ առաջին հայացքից հնարավոր չէ գնահատել դրանց վտանգավորությունը։ 2018 թվականին ձնահյուսի պատճառով զինծառայող էր մահացել, որոնողական աշխատանքները ձգվեցին մի քանի օր։ Հրամանատարի խոսքով, կորպուսի զորամասերի սպաներից ոմանք տեղացի են, քաջատեղյակ լեռնային վտանգներին։

Փրկարար ուժերի եւ բանակային երկրորդ կորպուսի համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Հարկ եղած դեպքում կորպուսը պատրաստ է տրամադրել մարդկային ուժ եւ տեխնիկա՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանգման նպատակով, ինչպես վերջին տարիներին Տորֆավան համայնքում տորֆային շերտի եւ Սոթք գյուղի գիհիների անտառի հրդեհների ժամանակ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները