Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փրկարարական տարվա ամփոփում՝ Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում

Փրկարարական տարվա ամփոփում՝ Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում

858
Տարածել

Լոռի

2017 թվականին Լոռու մարզում գրանցվել է 969 արտակարգ դեպք (2016թ.` 842), որոնց հետևանքով զոհվել է 45 (2016թ.՝ 39), տուժել՝ 680 (2016թ.՝ 498) մարդ: Տեխնածին բնույթի դեպքերից 443-ը հրդեհ են (2016թ.՝ 292): Դրանց զգալի մասն առաջացել է անտառային և այլ բուսածածկ տարածքներում։ Մարզի փրկարարները ներգրավվել են Բյուրականի տարածքում անտառային հրդեհի, ինչպես նաև Կոտայքի մարզում խոտածածկ հատվածների հրդեհների մարման աշխատանքներին՝ կանխելով կրակի տարածումը դեպի Լոռու մարզի անտառներ։ Լոռեցի 11 փրկարար՝ վարչության երկու հրշեջ-փրկարարական ամենագնաց մեքենայով մասնակցել են Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին։

Անվտանգության նկատառումներով Թումանյան համայնքի Քարինջ բնակավայր տանող ավտոճանապարհին մոտ 500 մետր երկարության վրա մինչև 50 մետր բարձրության լանջից արհեստական քարաթափման միջոցով հեռացվել են առավել վտանգավոր ժայռաբեկորները:

Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմն (ՔՈՓ) անցկացրել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամյա դաշտային վարժանք, մասնակցել  «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով ուսումնական վարժանքին Գոգավանի սահմանային անցակետում։

Վերամշակվել և Լոռու մարզպետի կողմից հաստատվել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ Վանաձորի քիմիական կոմբինատի վթարի դեպքում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանը, կատարվել է հակաճառագայթային թաքստոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։

Տավուշ

Տավուշի մարզում նախորդ տարի գրանցվել է 516 արտակարգ դեպք և պատահար (2016թ.՝ 363), զոհվել է 6 (2016թ.՝ 11), վիրավորվել` 61 (2016թ.՝ 40) մարդ:

Հրդեհների թիվը՝ 333, նախորդ տարվա 146-ի դիմաց։ Ուշադրության կենտրոնում են եղել սահմանամերձ համայնքները։ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ և Բերքաբեր համայնքներում կազմակերպվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։  Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, էապես փոխվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավար կազմի մոտեցումը բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին։

Անցկացվել է մարզի ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների, նկուղների, այլ խորացված տարածքների հաշվառում և ուսումնասիրություն: 7 բնակավայր ընդգրկող Դիլիջան համայնքում տեղադրվել են ազդարարման շչակներ:

Արարատ

Արարատի մարզում գրանցվել է 716 արտակարգ դեպք (2016թ.` 676), որոնց զոհ է գնացել 25 (2016թ.` 19) մարդ, մարմնական   վնասվածք ստացել  392-ը (2016թ.` 345): Հրդեհների դեպքերը 282-ն են (2016թ.՝ 319)։ Հիշարժան է օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը, որի հետևանքով այրվել է 1716,3 հա բուսածածկ տարածք։

Տարվա ընթացքում մաքրվել եւ կարգավորվել է 104 300 մետր դրենաժ ։ ԱՄՆ դեսպանատունը Մասիսի և Արտաշատի ՀՓՋ-ներին հատկացրել է փրկարարական գործիքներ, հանդերձանք, իսկ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը՝ կվադրոցիկլ և  հրշեջ ավտոբաք։

Երեք մարզում, ըստ աշխատանքային պլանի, անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, օբյեկտային վարժանքներ, դասախոսություններ ուսումնական հաստատություններում։

Առկա խնդիրներ

Խոտածածկ տարածքներում ծագող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետությանը խոչընդոտում է ջրավազանների և ջրաղբյուրների բացակայությունը։ Բացի դրանից՝ համայնքների մեծ մասում չկան ջրավազաններ և հրշեջ-հիդրանտներ: Մարզային փրկարարական վարչությունների որոշ ստորաբաժանումների շենքային պայմանները բարելավվելու կարիք կա։ Համայնքների, կազմակերպությունների ղեկավարների մեծ մասը ժամանակին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Անհրաժեշտ է վերազինել ազդարարման համակարգը։

Առաջարկներ

Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի 62 բնակավայրից 46-ը սահմանամերձ են, ընդ որում` 21-ը`  շփման գծի 3 կմ-ոց գոտում, անհրաժեշտ է բարձրացնել մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունը: Այդ նպատակով պետք է քայլեր ձեռնարկել ապաստարանների վերանորոգման և անհրաժեշտ գույքով ապահովման, սահմանամերձ համայնքներում ապաստարանների, թաքստոցների կառուցման ուղղությամբ։

Ի մի բերեց Անի Անտոնյանը