Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ

Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ

1898
Տարածել

Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում ծավալված առաջնային օգնության վրանային հենակետերը կշարունակեն հերթապահություն իրականացնել մինչեւ փետրվարի 1-ը։

Վերջին օրերին Արագածոտնի մարզում եղանակն իսկական փորձություն է դարձել վարորդների համար։ Հունվարի 15-ին Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին տեղակայված հենակետի հերթապահները ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցների հետ Մելիքգյուղ համայնք տանող ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա՝ 55 ուղեւորով: Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ Արշակյանի խոսքով՝ ձնաբքի պատճառով տեսանելիություն գրեթե չկար, ճանապարհը բացելու աշխատանքները տեւել են մոտ 4 ժամ։ Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես կանայք եւ երեխաները։

Հաջորդ օրն ահազանգ է ստացվել, որ Ճար­ճակիս գյուղում կան վատառողջ երեխաներ, որոնց բժշկի խորհրդով պետք է տեղափոխել Ծաղկահովիտի բուժկենտրոն։ Գյուղ է մեկնել Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի BV 206 մակնիշի թրթուրավոր ամենագնացը, երեք երեխայի եւ նրանց ծնողներին հասցրել գյուղի խաչմերուկում սպասող շտապօգնության մեքենային։ Հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Կարապետյանի հաղորդմամբ՝ տեխնիկան նախորդ տարի են ստացել՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից։ Ռեզինե թրթուրների շնորհիվ մեքենան բարձր անցողունակություն ունի, հարմար է Արագածոտնի մարզի բարդ ռելիեֆային պայմաններին, անձնակազմի համար նախատեսված խցիկը տաքացվում է, կցորդիչում կարելի է քաղաքացիներ տեղափոխել։

Ժամեր անց Ծաղկահովիտի բուժկենտրոնից դուրս է գրվել 13 երեխա՝ երկու ծնողների հետ, որոնց նույն մեքենան հասցրել է Ճարճակիս գյուղ։

Ավելի ուշ հենակետ ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս տանող ճանապարհի անանցանելիության պատճառով Վրաստանից ժամանած ընտանիքը՝ երեք երեխայով, չի կարողանում հասնել իրենց հարազատների տուն։ Կրկին օգնության են հասել  փրկարարները։

«Մեր սպասարկման տարածքում գտնվող 22 գյուղից 10-ը կենտրոնական ճանապարհից կտրված են։ Բուժօգնության անհնարինությունն այս համայնքներում առաջնային խնդիր է։ Միակ դեղատունը Ծաղկահովիտում է, որն, օրինակ, Ճարճակիսից եւ Մելիքգյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա է։ Նախորդ տարիներին բազմաթիվ կանչեր ենք ունեցել ծննդկաններին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ։ Նույնիսկ սահնակ-կցորդիչ ենք պատրաստել, որն ամրացնում ենք ձնագնացներին»,-մանրամասնեց Արթուր Կարապետյանը, ում ջոկատի սպայական կազմը նույնպես հերթապահում է վրանային հենակետում։

Հրամանատարը շեշտեց, որ նման եղանակային պայմաններում արդյունավետ աշխատելու առաջին նախապայմանը համապատասխան համազգեստն է։ Այս տարի հենակետի հերթապահներին տրամադրվել են ռեզինե տաք կոշիկներ, որոնք պաշտպանում են ցրտից եւ թույլ տալիս դրսում երկարատեւ աշխատանք կատարել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները