Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ցրտաշունչ ձմռան օրերը․ Ապարանի հենակետ

Ցրտաշունչ ձմռան օրերը․ Ապարանի հենակետ

621
Տարածել

Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տեղադրված վրանային հենակետերը շարունակում են օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։

Դեկտեմբերի 27-ից առայսօր Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին հերթապահություն իրականացնող Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը 13 կանչի է արձագանքել, հիմնականում՝ ձյան պատճառով արգելափակումների վերաբերյալ։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ Արշակյանի խոսքով՝ հունվարի 8-ին Ապարան-Ջամշլու ավտոճանապարհին արգելափակված «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդին, որը գտնվում էր սառած վիճակում,  փրկարարները տեղափոխել են հենակետ մինչեւ հատուկ տեխնիկայի ժամանելը։

Հաջորդ առավոտյան մարտական հաշվարկը մեկնել է Ճարճակիս գյուղ՝ վատառողջ երեխային հիվանդանոց հասցնելու նպատակով։ «Դեպքի վայր ենք մեկնել «Ուրալ» ամենագնացով.  ձյան շերտի բարձրությունը հասնում էր 1,2 մետրի, դժվար էր մեքենան կառավարելը։ Ճարճակիս, Սիտան, Ավշեն եւ Լեռնապար համայնքները ձմռանը կտրվում են գլխավոր մայրուղուց, ամեն տարի այս համայնքներում հղիների եւ հիվանդ երեխաների տեղափոխման խնդիր ենք ունենում»,- մանրամասնեց Հայկ Արշակյանը։ Հրշեջ-փրկարարները 5-ամյա փոքրիկին հանձնել են հենակետում սպասող շտապօգնության բրիգադին։

Նույն օրն ահազանգ է ստացվել Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենայի խափանման մասին: Մեքենայում եղել են հոսպիտալ մեկնող վիրավոր զինվոր եւ մեկ կին։ Ուղեւորները հանգրվանել են ջոկատում մինչեւ մեքենայի վերանորոգումը։

Այս տարվա ձմեռը, հրամանատարի հաղորդմամբ, նման չէ նախորդներին․ գրեթե ողջ օրվա ընթացքում ձնաբուք է եւ սառնամանիք։ Հենակետը նոր գույքով եւ գիշերակացի պարագաներով է համալրվել, ինչը միանշանակ թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին առաջին հերթին ցրտահարությունից։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ