Գլխավոր Ուսուցողական նյութեր Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները -1

Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները -1

613
Տարածել

Երկրաշարժը սովորաբար հանկարծակի է տեղի ունենում՝ կարճ տեւողությամբ՝ 15-25 վայրկյան։ Երբ գետինը փախչում է ոտքերիդ տակից, այն ժամանակ ես միայն հասկանում, որ երկրաշարժ էր, եւ սկսում մտածել քո տան, շենքի, գյուղի կամ քաղաքի անվտանգության մասին։ Լավ կառուցված շենքերը երկրաշարժից չեն վնասվում, նույնիսկ ճաքեր չեն առաջանում։ Եթե մարդիկ վստահ լինեն իրենց շենքի ամրության վրա եւ մի քիչ էլ իրազեկված, ապա ցնցումների ժամանակ կկարողանան հեշտությամբ կողմնորոշվել եւ վերահսկել խուճապը։
Սպիտակի երկրաշարժի ողջ արհավիրքը տեսան եւ զգացին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանավանի եւ այլ համայնքների բնակիչները: «Հնարավո՞ր էր այնպես կառուցել, որ չլինեին այդ ահավոր ավերածություններն ու հսկայական մարդկային զոհերը» հարցի պատասխանը միանշանակ է՝ հնարավո՛ր էր, բայց այդպես չեղավ, եւ մենք ապահովագրված չենք Հայաստանի մեկ այլ շրջանում նման ողբերգության կրկնությունից։Ուրեմն ի՞նչն է մեզ խանգարում ապահով շենքեր կառուցել։ Մեր ազգային որոշ գծերը, մոռացկոտությունը, ծուլությունը, եսասիրությունն ու էլի շատ հատկանիշներ։

Նախկինում մեր երկում գործում էին եւ հիմա էլ կան սեյսմակայուն շինարարության կորիֆեյներ, գիտնականներ, կրթություն ստացած նախագծողների եւ շինարարների հսկայական բանակ: Մինչեւ 1926 թվականի Լենինականի երկրաշարժը Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում ու Լենինականում, շենքերը կառուցվում էին քարե պատերով, որոնցում կրային շաղախ էր օգտագործվում, իսկ ծածկերը կամ միջհարկային ծածկերը փայտից էին։ Շենքերի ամրության հարցը լուծվում էր՝ հաշվի առնելով շինարարության բազմադարյա փորձը, այդ թվում՝ ավերիչ երկրաշարժերի պատմությունը։ 1926 թվականի երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրելուց հետո ճիշտ հետեւություններ արվեցին, այն է՝ քարե պատերը բավական հարմար են ծածկերից եւ միջհարկային ծածկերից եկող ծանրությունը կրելու համար, բայց շատ թույլ երկրաշարժի հորիզոնական ազդեցության պարագայում, հատկապես, եթե միջհարկային ծածկերը միասնական ամուր վահան չեն կազմում (քանի որ առանձին գերաններից են կազմված) եւ պատերին ամուր չեն կապված։ Առաջարկ եղավ միջհարկային ծածկերի եւ պատերի միջեւ ստեղծել սեյսմակայունության գոտիներ, մեծացնել ծածկերի եւ բացվածքների (դռների ու պատուհաններ) ամրությունը։ Այդ բոլոր միջոցառումները նախատեսված էին քարե պատերով շենքերի համար։ 1937 թվականի Երեւանի երկրաշարժը ցույց տվեց, որ դրանց ճիշտ կիրառությունը նպաստում է երկրաշարժի դեպքում շենքերի դիմադրության բարձրացմանը։

Հաջորդը երկաթբետոնի դարն էր, մի շինանյութ, որն իր էությամբ հնարավորություն էր տալիս կառուցել երկրաշարժի նկատմամբ բացարձակ դիմացկուն շենքեր: Այդպես՝  Լենինականի միաձույլ, երկաթբետոնե միջհարկային ծածկերով ու սյուներով շենքերը(օրինակ՝կահույքի մի արտադրամաս) բոլորովին չէին տուժել երկրաշարժից: Սակայն 1950-ականներից հետո կուսակցական հրահանգով սկսվեց հավաքովի երկաթբետոնե շենքերի (թղթե տնակներ) շինարարություն, ինչի պատճառով խախտվեց երկաթբետոնի բնական առավելությունը, որը թույլ էր տալիս երկրաշարժերին դիմագրավող ամուր շենքեր կառուցել:

Սպիտակի երկրաշարժի առաջնային ցնցումից 4 րոպե անց գրանցվեց երկրորդ հզոր ցնցումը, որն իր ուժգնությամբ քիչ էր տարբերվում առաջինից։ Դրան հաջորդեցին հարյուրավոր հետցնցումներ՝ աֆտերշոկեր։ Միայն դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել երկու ֆորշոկ, որոնց մասին հաղորդում չէր եղել: Երկրաշարժը տարածվեց Հայաստանի տարածքի 40 %-ի վրա՝1 մլն բնակչությամբ: 21 քաղաքներ եւ 342 գյուղեր քանդվեցին, 514000 մարդ մնաց անտուն, 20000-ը վիրավորվեցին, 12500-ը տեղափոխվեցին հիվանդանոց: Զոհերի թիվը մոտ 25000 էր, մասնավորապես՝Գյումրիում 15.000-17.000, Սպիտակում՝ 4000. այս երկու քաղաքներն ամենաշատը տուժեցին։ Կացարանների 17%-ը ավերվեցին, 170 արդյունաբերական ընկերությունների գործունեությունը կասեցվեց, մեծ վնաս հասցվեց գյուղերին եւ գյուղատնտեսական արդյունաբերական համալիրներին, ինչպես նաեւ ճարտարապետական, պատմական եւ մշակութային հուշարձաններին։ Մի քանի վայրկյանում ավերվեց 917 հասարակական կառույց։

Թեեւ 30 տարի է անցել, սակայն Սպիտակի երկրաշարժի հետեւանքները դեռ հաղթահարված չեն։ Ժողովուրդն այս աղետի դասերը լիովին չի ընկալել։ Խոսքը ոչ միայն բուն երկրաշարժի եւ նրա պատճառած ավերածությունների, այլ երկրաշարժին նախորդած եւ հաջորդած սխալների մասին է, որոնց պատճառով աղետի գոտու վերականգնման խնդիրների լուծումը դժվար ընթացք ունեցավ:

Լենինականում, Ախուրյանում ու մի շարք այլ բնակավայրերում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքները հենց սկզբից սխալ ընթացք ստացան, և ոչ մի կերպ հնարավոր չեղավ ազդել այդ վնասակար գործընթացների վրա, քանի որ խորհրդային, ապա՝ նոր անկախ Հայաստանի իշխանությունները չէին գործում՝ ի շահ բնակչության։


Անուշ  Պողոսյան

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» 15-րդ խումբ,  4-րդ կուրս