Գլխավոր Միջոցառումներ «Արտակարգ» բասկետբոլի թիմը՝ մրցույթի գավաթակիր

«Արտակարգ» բասկետբոլի թիմը՝ մրցույթի գավաթակիր

2304
Տարածել

Օգոստոսի 31-ին կայացավ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» խորագրով ամենամյա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։ Մասնակիցներին մրցանակներ, մեդալներ ու շնորհակալագրեր հանձնեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության աշխատակիցներն աչքի ընկան տարբեր մարզաձևերում։ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի առաջին կարգի մասնագետ Հարություն Մխիթարյանը դարձավ առաջատար բազկամարտում, իսկ Արմավիրի մարզային ՃԿԿ աշխատակից, առաջին կարգի մասնագետ Մեհրի Մանուկյանը շախմատ մարզաձևում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը Երեւանի ու Տավուշի մարզիկների հետ պայքարում հաղթող ճանաչվեց եւ արժանացավ գավաթի։

«Այս տարի նոր մասնակիցներ կային՝ Երեւան 2 թիմը, որը բասկետբոլի լավ խաղ ցույց տվեց։ Նոր մարզիկների ներգրավվածությունը նպաստում է մրցակցությանը, զարգացնում մեր սպորտային հմտությունները»,- ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը։

Մեհրի Մանուկյանն արդեն երեք տարի մասնակցում է մրցաշարին։ Խոստովանում է՝ շախմատի պարապմունքներին քիչ ժամանակ է հատկացնում։ Փոխարենը նոր նախասիրություն ունի՝ լողը, պատրաստվում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ։ Վերջերս «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության նախաձեռնած մրցույթում չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ Իր հարազատ Արմավիրում նորակառույց լողավազան կա, աշխատանքից ազատ ժամանակն այնտեղ է անցկացնում։

Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար, «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է՝ նման մրցույթները հաշմանդամություն ունեցող անձանց իրենց ուժը փորձելու, նոր մարդկանց հետ շփման, փորձի փոխանակման հնարավորություն են տալիս։ Տարեցտարի մարզիկների թիվն ավելանում է․ այս տարի բոլոր մարզերից հայտագրվել է մոտ 300 հոգի։ Մասնակիցները վերադարձից հետո հանդիպում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին, ինչն օգնում է մրցույթի մասին տեղեկության տարածմանը։ «Կազմակերպիչներին առաջարկել ենք ծրագրում ավելի ակտիվ մարզաձևեր ներառել, ինչպիսիք են նստած վոլեյբոլը եւ բոչիան, որոնք նախատեսված են հենաշարժողական խնդիրներ, ավելի խիստ հաշմանդամություն ունեցողների համար։ Սրանք  թիմային խաղեր են, բուռն մրցակցություն են ստեղծում։ Կարծում եմ՝ մրցույթի հաջորդ տարվա ընթացակարգում փոփոխություններ կլինեն»,- ամփոփում է Ռուզաննա Սարգսյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ