Գլխավոր Ուսուցողական նյութեր Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

Անտառային հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ

2602
Տարածել

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների քանակն աճել է:

Հրդեհները լուրջ վտանգ են անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաեւ հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող բուսական եւ կենդանական տեսակների համար եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառամերձ համայնքների սոցիալական կայունության վրա: Բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, անխուսափելիորեն ազդում մարդկանց առողջության վրա, իսկ ավելի կոնկրետ` լուրջ վնաս են հասցնում շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին:

Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային գաերը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`

— վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.

— նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

— որսի համար օգտագործել դյուրավառ եւ մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.

— ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.

— շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.

— ծխել եւ օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.

— կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).

— արեւով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.

— թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) եւ այլն:

Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են նաեւ անզգուշությունը ծխելուց եւ երեխաների խաղալը կրակի հետ: Վերջինս տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները մնում են առանց հսկողության, խաղում են  լուցկով եւ այլ հրավտանգ առարկաներով` երբեմն հրդեհելով բուսածածկ տարածքները: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհ լինել:

Կարեւոր է իմանալ նաեւ անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձեւով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի դեպի ծառերի բներն ու սաղարթները: Փոքր հրդեհը մարելուց հետո կարելի է հեռանալ միայն այն դեպքում, երբ համոզվել եք, որ կրակը նորից չի բորբոքվի:

Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով, օրինակ թաշկինակով: Դուրս գալով անվտանգ տեղ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաեւ դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը:

Որքան էլ ցավալի է, դեռեւս մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ եւ մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն եւ տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին:

Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը եւ խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետեւանքներից:

Հիշե՜ք, որ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն