Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ. Ընդգրկվում են գազալցակայանների աշխատակիցները

Վարժանքներ. Ընդգրկվում են գազալցակայանների աշխատակիցները

744
Տարածել

Ավարտվեցին փրկարարների հունիսյան վարժանքները։ Նախորդ շաբաթվա ընթացքում կարեւորվեց գազալցակայանների աշխատակիցների իրազեկվածության բարձրացումն ու համագործակցությունը փրկարար ուժերի հետ, ուսումնական հաստատություններում տարհանման հմտությունների զարգացումը։

Հրդեհաշիջման եւ տարհանման գործողություններ իրականացվեցին Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, Տափերական եւ Սայաթ –Նովա գյուղերի մանկապարտեզներում, Ախուրյանի մարզադպրոցում, այլուր։

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում» թեմայով վարժանք անցկացրեց «ԴԵՅՎ» գազաճնշալցակայանում։ Վեդու ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը նկատեց՝ մի կողմից տնօրինության կողմից տեղադրված անվտանգության տեսախցիկները, մյուս կողմից՝ արտակարգ պատահարների մտավախությունը աշխատակիցներին ավելի իրազեկ եւ զգոն են դարձրել։ Այսօր մեքենան լիցքավորելիս լցակետի պատասխատուն պահանջում է վարորդին համապատասխան հեռավորություն պահպանել, չծխել մոտակայքում։ Վարժանքի նպատակը փրկարարներին գազալցակայանի տարածքին եւ արտակարգ իրավիճակում տարհանման ուղիներին ծանոթացնելն էր։ Գործընթացին ներգրավվել էին նաեւ օբյեկտի աշխատակիցները, իրենց ձեռքով կատարել հրդեհաշիջման նախապատրաստական աշխատանքներ։ Ընկերությունն ունի կրակմարիչներ, հակահրդեհային վահանակ, միացված է «ՍՈՍ սիսթեմս» հակահրդեհային համակարգին։

Քարակերտ գյուղի «Նորապատ» գազալցակայանում հերթական վարժանքն էր։ Օբյեկտը հագեցած է առաջնային հրդեհաշիջման միջոցներով եւ կրակմարիչներով, որոնք աշխատակիցները նախկինում քանիցս փորձարկել են։ Բոլորը տեղյակ են արտակարգ իրավիճակում փրկարար ծառայության հետ իրենց աշխատանքի կարգից: «Գազալցակայանների անվտանգությունը կարեւոր հարց է։ Տարիներ առաջ Մյասնիկյան գյուղում պայթյունից առաջացած մեծ հրդեհ ունեցանք։ Բարեբախտաբար հասցրինք ժամանակին հոսանքազրկել տարածքն ու փակել պահեստում կուտակված գազատարի փականը։ Զոհեր չեղան․ պայթյունից միայն շենքի պատն էր փլուզվել, վնասվել էին մոտակա գերեզմանաքարերը»,- մանրամասնեց Բաղրամյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վիգեն Հարությունյանը։

Սիսիանի «Լալաներ» հյուրանոցային համալիրում կայացավ վարժանք Սիսիանի ՀՓՋ մասնակցությամբ։ Կատարվեց տարհանում, փրկարարներից մեկը տուժածի դերում էր, որին վիրակապած դուրս բերեցին անվտանգ գոտի։

Սիսիանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանի հաղորդմամբ՝ երկհարկանի հյուրանոցը համալրվում է նոր մասնաշենքով, որի բոլոր հարկերում կլինեն հակահրդեհային անվտանգության միջոցներ, այդ թվում՝ ներքին ջրացանց, կտեղադրվի ազդարարման համակարգ։ Աշխատակիցները վարժանքին սրտացավորեն էին մոտեցել, կիսել իրենց մտահոգությունները։ Բազմաթիվ այցելուներ ունեցող հյուրանոցի տնօրինությանն առաջարկվել է մինչեւ նոր մասնաշենքի ազդարարման համակարգի շահագործումը հյուրերին տագնապի ազդանշան տալու այլընտրանք գտնել։

Շաբաթն ամփոփվեց Նոյեմբերյանում «Փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությամբ, որին մասնակցեցին Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բրիգադը, ոստիկանության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ծառայությունների աշխատակիցներ, վթարավերականգնողական խմբեր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ