Գլխավոր Վերլուծություն Արթիկի սելավը․ քաղված դասեր, գիտակից քաղաք

Արթիկի սելավը․ քաղված դասեր, գիտակից քաղաք

1649
Տարածել

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գրանցված սելավի դեպքից անցել է երկու տարի։ 2016 թվականի հունիսի 24-ին Արթիկին պատուհասած աղետից տուժել էին 12 անհատական տնտեսություն, Արթիկի թիվ 2 դպրոցը, թիվ 2 մանկապարտեզը, դատարանի շենքը, տնամերձ հողամասեր եւ այլն, անկել գյուղատնտեսական կենդանիներ։ Կառավարության որոշումներով՝ 22,35 միլիոն դրամ աջակցություն է հատկացվել վնասված շենք-շինությունների բնակիչներին, 2,43 միլիոն՝ անկած գյուղատնտեսական կենդանիների եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց, 16,965 միլիոն՝ Արթիկի համայնքի հեղեղատարների մաքրման եւ 16,125 միլիոն՝ շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման նպատակով։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամը տուժած ընտանիքներին տրամադրել էր 87 հազարական դրամ, երկու ամսվա չափաբաժնով սննդի եւ հիգիենիկ պարագաներով արկղեր ամեն անձի համար:

Ի՞նչպես վերականգնվեց քաղաքը, արդյո՞ք համայնքային ղեկավարությունն ու բնակչությունը վերանայել են իրենց մոտեցումն անվտանգության խնդիրներին։ Այս մասին զրուցեցինք Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լեւոն Հովսեփյանի հետ։

Խոսելով սելավի պատճառներից՝ մասնագետը նշում է՝ հունիսի 24-ի առատ տեղումները եւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն առաջացրել էին Արագածի փեշերին կուտակված սառցադաշտի հալք: Ջրի քանակի խիստ ավելացմանը նպաստել էր նաեւ նույն օրը տեղացած եւ հալչած կարկուտը։ Մասնագետի խոսքով՝ մեծ ծավալով ջուրը ծովի մակերեւույթից 2500 մետր բարձրությունից անարգել հասել էր Արթիկ քաղաք՝ խորհրդային տարիներին կառուցված հեղեղակարգավորչի վնասվածության եւ մաշվածության պատճառով։ Ձորակների լանջերին եւ սելավային հոսքերում կուտակված քարհանքերի թափոնները, տուֆի բեկորները լցվել քաղաք, ջուրը շարունակել էր հոսել գետնի մակերեւույթով՝ վնասելով բնակելի տներ, շինություններ, կապի ցանցեր եւ այլն։ 7800 գծամետր երկարությամբ Մովրովենց սելավատարի զգալի մասն ամբողջությամբ քայքայվել էր՝ լցվելով տուֆի խոշոր քարային բերվածքով եւ ավազով, մյուս մասը՝ դարձել շահագործման համար ոչ պիտանի: Հեղեղի ազդեցությանը քիչ թե շատ դիմացել էր 5200 գծամետր երկարությամբ Բլբուլենց հեղեղատարը, որի միայն 70 գծամետր հատվածն էր շարքից դուրս եկել։

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե հեղեղի առաջացման վարկածներից մեկը սելավատարերին կից ապօրինի կառույցներն էին, Լեւոն Հովսեփյանը մանրամասնեց՝ խոսքը խորհրդային տարիներից շահագործվող երկու գոմի մասին է, որոնց տերերին Արթիկի քաղաքապետարանը զգուշացրել եւ ծանուցել է բարձր ռիսկերի մասին։ Բաժնի պետի վստահեցմամբ՝ ներկայումս քաղաքի տարածքում հողհատկացումներն իրականացվում են՝ հաշվի առնելով սելավային հոսքերի ռիսկայնությունը։

Քարաբերուկներով եւ տիղմով լցված Արթիկը վերականգնելու համար երկար ժամանակ պահանջվեց․սելավի բերած հողային զանգվածը տեղափոխելու համար գործի էին դրվել 4 ինքնաթափ մեքենա եւ 4 էքսկավատոր: Դպրոցի եւ մանկապարտեզի տարածքում անցկացվել է նոր կոյուղատար, տեղադրվել դիտահորեր, բակը սալիկապատվել է: Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը Մովրովենց սելավատարի վրայից կռունկի օգնությամբ հեռացրել է 2 պանել, սելավատարի վրա կառուցված երկաթե կամուրջն ապամոնտաժվել է։ Մաքրվել եւ վերանորոգվել են Բմբուլենց սելավատարի որոշ հատվածներ։ «Շիրակի մարզային վարչությունը պարբերաբար բացատրական աշխատանքներ է տանում մարզի համայնքների ղեկավարների եւ բնակչության շրջանում, սելավատարերին կից կամ դրանց վրա շենք-շինությունների կառուցապատման, ինչպես նաեւ շինարարական եւ կենցաղային աղբի կուտակման վերաբերյալ: Առաջարկվել է համայնքներում իրականացնել կենտրոնացված աղբահանություն եւ զերծ մնալ նման կառուցապատումներից»,- ասաց բաժնի պետը։

Բացի դրանից՝ ամեն տարի մարզային վարչության աշխատակիցները համայնքների ղեկավար կազմի եւ բնակչության ուսուցման նպատակով մարզի 30 համայնքում անցկացնում են շտաբային եւ մեկ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ գետերի վարարումների թեմայով։

Լեւոն Հովսեփյանի հաղորդմամբ՝ աղետից հետո մարդիկ ավելի զգոն են դարձել, տնակ կամ գոմ կառուցելիս պարտադիր հաշվի են առնում սելավատարից հեռավորությունը, այլեւս ջրի մեջ աղբ չեն նետում։ Նախորդ տարի Արթիկի քաղաքապետարանը մի ծրագրով հատկացված դրամաշնորհը կրկին ուղղել է սելավատարերի մաքրմանն ու վերանորոգմանը։

Այդուհանդերձ մասնագետը կրկնակի հեղեղի վտանգը չի բացառում։ Հարցին վերջնական լուծում տալու համար առավել նպատակահարմար է ամեն տարի սելավատարերը մաքրելու փոխարեն վերականգնել քարհանքերից բարձր տեղակայված հեղեղակարգավորչի աշխատանքը։ Խորհրդային տարիներին նախագծված այս կառույցը ջրավազան է՝ պատնեշներով եւ խողովակներով, որոնք կարգավորում են ջրի թողունակությունը։ Ֆինանսականից բացի՝ իրավական խնդիր կա․ հեղեղակարգավորիչն այլ վարչական տարածքում է գտնվում։

Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը սելավավտանգ գոտի է: 2017 թվականի փետրվարից սկսվել է Հայաստանում սելավատարները կարգի բերելու ծրագիր:

Անի ԱՆՏՈՅՆԱՆ