Գլխավոր Վերլուծություն Զբոսաշրջային անվտանգություն․ մասնագիտական վերլուծություն

Զբոսաշրջային անվտանգություն․ մասնագիտական վերլուծություն

1903
Տարածել

Զբոսաշրջությունը մեր երկրում տնտեսության գերակա ճյուղ է հայտարարված։ Ոլորտի զարգացման նպատակով Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը, որի նպատակն է ապահովել կայուն և հասանելի զբոսաշրջություն։

Գաղտնիք չէ՝ ցանկացած երկրում զբոսաշրջային հոսքն առաջին հերթին պայմանավորված է այցելուների անվտանգությամբ, իսկ անվտանգության երաշխավորը պետական օղակներն են եւ երկրի օրենսդրությունը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի զբոսաշրջության անվտանգության դասախոս Կարապետ Սարաֆյանի դիտարկմամբ՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում հստակեցված չեն զբոսաշրջության առանձին բաղադրիչների՝ հյուրընկալման, սննդի օբյեկտների, տրանսպորտի և զբոսավայրերի անվտանգությանն առնչվող հարցերը։

Մասնագետի կարծիքով՝ ի սկզբանե սխալ ընկալման հետևանք է օրենքի 5-րդ գլխի խորագիրը, որն անդրադառնում է զբոսաշրջիկի անվտանգությանը՝  այն դեպքում, երբ խնդիրն առնչվում է ոչ թե անհատին, այլ ամբողջ ոլորտին։

Օրենքի 21-րդ հոդվածի առաջին կետում նշվում է, որ զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ՝ իրենց կազմակերպած զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին և այլ միջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների և դժբախտ պատահարների կանխարգելման համար: Հասկանալի չէ՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, արդյոք սուբյեկտ հանդիսացող զբոսավարներն անցնում են համապատասխան դասընթացներ, ունեն պատրաստվածություն։ «Խնդիր է լիցենզիայի բացակայությունը։ Նախկինում դրանով զբաղվում էր զբոսաշրջության վարչությունը, որը  հազար հարցից բաղկացած հարցաշար էր մշակել, այդ թվում՝ զբոսաշրջային անվտանգության վերաբերյալ։ Տեսականորեն զբոսաշրջային գործունեություն իրականացնողը պատրաստ էր լինում զբոսաշրջիկների հետ միասին  պայքարելու աղետների և ռիսկերի դեմ։ Սակայն տեսությունը ոչ միշտ է գործնականում կիրառելի։ Ուստի պետական լիազոր մարմինն ինքը պետք է հանձն առնի զբոսաշրջային գործակալների և զբոսավարների համար դասընթացների իրականացման գործընթացի վերահսկողությունը»,- համոզված է Կարապետ Սարաֆյանը։

Ուսումնասիրելով ներկայումս քննարկման փուլում գտնվող «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ նկատում ենք, որ անվտանգությունը, ինչպես գործող օրենքում, ներառված չէ օրենքի հիմնական հասկացություններում։ Սահմանվում է զբոսաշրջիկի՝ անձնական անվտանգություն ունենալու իրավունքը։

Կարևորելով հանգստի մեկնողների կյանքի և գույքի ապահովությունը՝ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է այն պետությունների ցանկը, որտեղ խորհուրդ չի տրվում հանգիստը կազմակերպել։ Դրանց թվում է նաև ՄԻԱՎ-ի տարածվածության բարձր աստիճան ունեցող Զիմբաբվեն, որը վերջերս դյուրացրել է մուտքի արտոնագրի տրամադրման կարգը 28 երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Անվտանգության դասախոսի կանխատեսմամբ՝ որևէ զբոսաշրջային կազմակերպություն հանձն չի առնի Զիմբաբվեում հայ զբոսաշրջիկի անվտանգության ապահովումը։  Լավագույն գործարքը կարող է լինել միայն տոմսի վաճառքը։

Հայաստանում զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավունքների հարցն էլ է կարեւոր։ Օրինագիծը սահմանում է, որ  հյուրի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար հյուրանոցապանը պետք է մշակի և հաստատի ներքին կանոնակարգ, սակայն որևէ կերպ այդ կանոնակարգը չի մասնավորեցվում։ Մյուս կողմից՝ լիազոր մարմինը  իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ օրենքի և զբոսաշրջության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար։ Զբոսաշրջության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագծում վարչական ակտը (օրինակ՝ ներքին կանոնակարգը) չկատարելու դիմաց սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով։ «Հասկանալի չէ, թե ով պետք է տուգանքը վճարի։ Եթե զբոսաշրջիկի հետ զբոսավայրում դեպք է պատահել, ապա ո՞վ է պատասխանատու՝ զբոսավա՞րը, թե՞ հյուրանոցի տնօրենը։ Օրենքում խոսվում է միայն զբոսաշրջիկների պարտականությունների մասին, սակայն անտեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների դերն այս հարցում»,- մանրամասում է Կարապետ Սարաֆյանը։

Հայաստանում արձանագրվել են զբոսաշրջիկների կողոպուտի և ծեծի մի շարք դեպքեր։ Այս հարցերով զբաղվում է ՀՀ ոստիկանությունը։ Կարապետ Սարաֆյանը նկատում է, որ օրինակ Կոստա Ռիկայում, Կոլումբիայում եւ այլ երկրներում գործում է տուրիզմի ոստիկանություն, որը լրջորեն զբաղվում է զբոսաշրջիկների դեմ իրականացված հանցանքներով։ Կարապետ Սարաֆյանն առաջարկում է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը ընդունելուց առաջ ուսումնասիրել հատկապես Կոլումբիայի՝ զբոսաշրջային անվտանգության վերաբերյալ 100 էջանոց ռազմավարական պլանը և շահագրգիռ կողմերի գործառույթները։

Զբոսաշրջության մասին գործող մեր օրենքը չի անդրադառնում նաև հյուրանոցի անձնակազմի և զբոսավարների  անվտանգությանը։ Օրենքում տեղ չգտած մյուս կարևորագույն կետը զբոսաշրջային ապահովագրությունն է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ