Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լավագույնը՝ փրկարար Հայկ Անդրեասյան

Լավագույնը՝ փրկարար Հայկ Անդրեասյան

574
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2017 թվականին «Լավագույն փրկարար» է ճանաչվել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հայկ Անդրեասյանը:

Լոռու մարզի Շահումյան գյուղում բնակվող Անդրեասյանների ընտանիքում հաճախ կարելի է մասնագիտական բանավեճերի ականատես լինել։ Հայրը՝ Հովհաննես Անդրեասյանը, ժամանակին ծառայել է գերմանական Մերզեբուրգ քաղաքի օդանավակայանի հատուկ պահպանության հրշեջ-մասում որպես օղակի հրամանատար, ապա 18 տարի  տարբեր հաստիքներում աշխատել Վանաձորի թիվ 1 ջոկատում։ Իր գործն այսօր շարունակում է 40-ամյա որդին, որը հրահանգիչ է։ «Հորիցս շատ բան եմ սովորել՝ աշխատասիրություն, ճշտապահություն, մաքրություն։ Եթե փրկարարի գործը ժամանակի թելադրանքով անընդհատ փոխվում է, կատարելագործվում, ապա հրդեհաշիջման հարցում հայրս ինձ համար միշտ օրինակելի և լավագույն խորհրդատուն է մնում»,- հպարտանում է Հայկ Անդրեասյանը։

Ծառայության 18 տարվա ընթացքում երբեք չի դադարել ինքնակրթվել, տարբեր դասընթացների է մասնակցում․ կատակում է՝  պետք է երիտասարդներին համընթաց քայլել։  Ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» բաժինը, Լոռու քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի լավագույն փրկարարներից է։

Իր գործին առաջին օբյեկտիվ գնահատական տվողը հենց ինքն է։ Եղել է՝ րոպե առաջ անկումից փրկել է պատուհանագոգին բարձրացած երեխային, կտրել ինքնասպանության փորձ կատարողի վիզն օղակած պարանն ու կյանքի վերադարձրել։ Նշում է՝ տարիքի հետ ավելի ես կոփվում, իմաստանում, հաղթահարում վախը։ Գլխավորը դիմացինին օգնելն է՝ թեկուզ կյանքդ վտանգելով։ Իր ամենամեծ ձեռքբերումը գիտելիքն է, որն «անխնա» բաշխում է ծանոթ-անծանոթին․ «Տասնյակ տարիներ առաջ գույք չունեինք,  գործը գլուխ բերել էր պետք։ Ինքներս գործիքներ էինք հորինում, դեպքի վայրում աշխատելու հնարքներ մշակում։ Փրկարարի մասնագիտությունը ստեղծագործական միտք է պահանջում։ Մենք թարգմանում և տեղայնացնում էինք օտար գրականությունը, այնինչ ունենք մասնագետներ, որոնց կյանքի փորձն արդեն իսկ օրինակ է մեզ համար։ Դեպքի վայրում ինքդ ես որոշում՝ որ քայլն է ավելի արդյունավետ ու անվտանգ»։

Փորձառու հրահանգիչը բավականություն է ստանում երիտասարդ փրկարարների հետ շփումից։ Նրանք համարձակ երազանքներ ունեն, ապագայի հանդեպ լավատեսություն, խոսքի ազատության գինը լավ գիտեն։  Եթե նախկինում հայրական զգուշավորությամբ ինքն էր առաջինը նետվում վտանգի գոտի, ապա այսօր ամենատարբեր բարդության փրկարարական աշխատանքները լիովին նրանց է վստահում։ Միջազգային մասնագետները հաճախ զարմանում են հայ փրկարարի խիզախությունից և նույն հարցին տարբեր լուծումներ տալու հնարամտությունից։

Աշխատանքից ազատ ժամանակը Հայկ Անդրեասյանն ընտանիքին է նվիրում։ 13-ամյա կրտսեր որդին կարատեիստ է, Հայաստանի եռակի չեմպիոն։ Չնայած դրան՝ հրշեջ է ուզում դառնալ։ Հայրն ամեն օր զավակին պարապմունքի է տանում՝ թաքուն փափագելով, որ մեծ սպորտը կընտրի։

Գրեթե երկու տասնամյակ փրկարար ծառայության նվիրյալը հպարտ է, որ հարյուրավորերի միջից լավագույնն է ճանաչվել։ Հոկտեմբերին կենսաթոշակային տարիքն է լրանում, լիահույս է, որ դեռ կհասցնի սպայական կոչում ստանալ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնն անցկացվում է 2011 թվականից: 2017 թվականի փառատոնի հաղթողներից մեկին արդեն ներկայացրել ենք՝ Արագածոտնի մարզի Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայող Թաթուլ Ավետիսյան: