Գլխավոր Նորություններ Ապահովագրություն եղանակային ռիսկերից

Ապահովագրություն եղանակային ռիսկերից

743
Տարածել

Գյուղատնտեսական ապահովագրության մեկնարկային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերին: Ծրագրին 5 մլն եվրոյի չափով աջակցում է Գերմանիայի կառավարությունը: Գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու համար Հայաստանի կառավարությունը ևս հատկացնելու է նույնքան գումար: «Արմենպրեսն» այս մասին տեղեկացել է ՀՀ կենտրոնական բանկից:

«Դեռևս 2014-ից Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համատեղ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման նպատակով իրականացվում են զգալի աշխատանքներ: Ակնկալվում է, որ դեկտեմբերին արդեն կսկսվի ծրագրի իրականացման փուլը: Մասնավորապես ամփոփվում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների կողմից ծրագիրն իրականացնելու նպատակով խորհրդատու կազմակերպության և վերաապահովագրող ընկերության ընտրման միջազգային մրցույթները»,- տեղեկացրել են ԿԲ-ից:

Հաշվարկված է՝ մեր երկրում գյուղատնտեսական արտադրողականության ներուժն ավելի մեծ է, քան իրական արտադրանքի ծավալը: Պատճառը ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի չգոյությունն է, ինչը մեծացնում է գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը, աճում է պարտքերի ծավալը:

Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի նպատակային օգտագործմանը, ներդրումային աճին:

«Առաջին փուլում նախատեսվում է ապահովագրությունը սկսել բուսաբուծության ճյուղից: Նախնական շրջանում ապահովագրական փաթեթը ներառելու է Հայաստանում առկա հետևյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ, ջրհեղեղ, իսկ հետագայում արդեն ռիսկերի մեջ կներառվի նաև երաշտը: Եթե բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ՝ գյուղտնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման), գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է փաթեթներում ներառել հետևյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ և կաղամբ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն և կփորձարկվեն առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում, չի սպասվում»,- «Արմենպրեսին» տեղեկացրել են ԿԲ-ից: