Գլխավոր Ուսուցողական նյութեր ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

949
Տարածել

Փրկարար ռոբոտներ-2

Հանքարդյունաբերության մեջ կիրառվող ռոբոտներ: Հանքարդյունաբերողների աշխատանքը ոչ միայն ամենադժվարն է, այլև ամենավտանգավորը: Չկա տարի, որ որևէ երկրի հանքում արտակարգ պատահար չգրանցվի: Ցավոք, դրանք նաև ուղեկցվում են մարդկային զոհերով: Այստեղ ևս օգնության են գալիս ռոբոտները, որոնց կիրառությունն այս ոլորտում ծայրահեղ անհրաժեշտություն է: Ամերիկյան Sandia National Laboratories լաբորատորիայի մասնագետները նախագծել են հատուկ ռոբոտ Gemini-Scout Mine Rescue Robot: Այս ռոբոտը չի կարող մարդկանց դուրս հանել հանքահորերից, բայց ունակ է դեպի աղետի վայր՝ հանք, տեղափոխել անհրաժեշտ սնունդ և դեղորայք: Ռոբոտի «ոտքերը» թրթուրավոր են, ինչը հնարավորություն է տալիս տեղաշարժվել գործնականում ցանկացած մակերևույթի վրայով: Համալրված է զգայուն էլեմենտներով՝ սենսորներ, որոնք հայտնաբերում են օդում վտանգավոր նյութերը, և տեսախցիկով, որը հեռավորութան վրա գտնվող համակարգչին է փոխանցում դեպքի վայրի պատկերը:

Ռոբոտ-հրշեջներ: Հրդեհի ժամանակ հրշեջների համար շատ դժվար է այրման գոտում՝ օջախում գտնել և տարհանել տուժողներին: Բացի կրակից՝ մարդուն կարող է խանգարել թանձր ծուխը: Նման դեպքերի համար է կանադական SACI-ն: Այս մեքենան կարող է ջրով և փրփուրով մարել կրակը, հեռացնել վառվող փլատակները և ուսումնասիրել ծխով լցված սենյակը: Այն համալրված է սենսորներով, կարող է քանդվող և վառվող տարածքից դուրս բերել մինչև 110 կգ քաշ ունեցող մարդկանց՝ վերացնելով իր ճանապարհին հայտնված յուրաքանչյուր խոչընդոտ. վառվող գերաններ և բետոնե բեկորներ: Հրշեջներին օգնելու համար կիրառվում է նաև ռոբոտացված Anna Konda խողովակը: Այն 3 մ երկարությամբ և 75 կգ քաշով «թրթուր» է: Մշակել են նորվեգացի մասնագետները: Ռոբոտի երկարությունը 3 մ է, քաշը՝ 70 կգ: Anna Konda-ն միանում է ավանդական հրշեջ խողովակին և «սողում» վառվող շինության դժվարամատչելի տարածքներ, ներթափանցում ճեղքվածքների մեջ, մտնում հրշեջների համար դժվարանցանելի և վտանգավոր հատվածներ:

Ռոբոտ-ջրափրկարարներ: Առաջին տարին չէ, որ տարբեր երկրների գիտնականներ մշակում են մեխանիզացված ջրափրկարարներ: Նման ռոբոտ է Նոր Զելանդիայի մասնագետների նախագծած Seascout-ը, որը կարող է փրկել խեղդվող մարդուն GPS ազդանշանի օգնությամբ: Թերությունն այն է, որ Seascout-ը չի կարող փրկել գիտակցությունը կորցրած մարդուն:

Ամերիկյան EMILY-ն (Emergency Integrated Lifesaving lanYard) ինքնուրույն լողացող սարքավորում է և ունակ է նկատել խեղդվող մարդուն և հնարավորինս կարճ ժամանակում օգնության հասնել: Հագեցած է ջրից և շրջապատի ձայներից ստացված ազդանշանները մշակելու ծրագրով: Երբ ռոբոտը ստանում է ազդանշան, նրա արագությունն աճում է մինչև 64 կմ/ժ, և այդպիսի ռեժիմում այն կարող է աշխատել 35 րոպե: EMILY-ն ունի տեսախցիկ և բարձրախոս, որը հնարավորություն է տալիս ափին տեղակայված փրկարար ծառայության աշխատակիցներին կապ հաստատել օգնության կարիք ունեցող մարդու հետ, մինչ փրկարարները կհասնեն նրան:

Սողանքային գոտիներում աշխատող ռոբոտներ: Հսկայական պողպատե սարդը՝ Roboclimber-ը, հակասողանքային և լեռնագնաց մեքենա է: Իր նմաններից տարբերվում է նրանով, որ կարող է հաջողությամբ անցնել կտրուկ լանջերով ու ձորերով՝ հաղթահարելով գործնականում բոլոր արգելքները:

Ռոբոտ-փրկարարների կիրառումը միանշանակ արդարացված է: Օրինակ, եթե 1986-ին Չեռնոբիլի ատոմակայանում վթարից հետո փրկարարական աշխատանքներում ռոբոտներ օգտագործվեին, մարդկային զոհերը շատ չէին լինի: Արտակարգ իրավիճակներից հետո անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս ռոբոտների կիրառումը կնվազեցնի մարդկային կորուստները, կապահովի փրկարարների անվտանգությունը և կնպաստի առավել կարճ ժամանակամիջոցում որոնողափրկարարական և վթարավերականգնողական միջոցառումների իրականացմանը:

 

Հրապարակումը պատրաստվել է Աննա Հակոբյանի «Ռոբոտները և ռոբոտացված համակարգերը փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: