Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները
արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները
դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա
Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն,
ոստիկանություն եւ այլն:
Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ,
անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու
վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից
իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանների եւ
Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք,
շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի
տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները
հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս
բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր. Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացու մատը արգելափակվել է
վճարման տերմինալի մետաղադրամի համար նախատեսված անցքում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից
դուրս են բերել 32-ամյա տղամարդու մատը: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աղբյուր
Սերոբի փողոցի մի շենքի տանիքում հայտնաբերվել է ական: Փրկարարները տարհանել են 3 բնակիչ եւ
սահմանազատել տարածքը, իսկ զինված ուժերի սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։
Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ռոստոմի փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ
է նկատվում: Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 80 բնակիչ, որից 10-ը` երեխա: Հոգեբան
փրկարարները 8 բնակչի ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են
ստացել, որ Ավետիսյան փողոցում մի վարորդ իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շանը,
կենդանին արգելափակվել է ավտոմեքենայի տակ: Հրշեջ-փրկարարները կենդանուն դուրս են բերել
արգելափակումից: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սունդուկյան փողոցի շենքերից մեկի մի
բնակարանի օդափոխման համակարգի մեջ թռչուն է արգելափակվել: Հրշեջ-փրկարարները օդափոխման
համակարգից դուրս են բերել երկու ծիծեռնակ: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բերդ
համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հայտնաբերվել է արկ: Զինված ուժերի սակրավորները արկը
տեղափոխել են զորամաս: Նույն մարզում ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի 46-
ամյա մի բնակիչ մոլորվել է «Եղիշավան» կոչվող հանդամասում: Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանության
աշխատակիցների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ահազանգ ստանալուց մոտ մեկ ժամ
անց քաղաքացին հայտնաբերվել է եւ տեղափոխվել տուն: