Վարակներ. արյան միջոցով փոխանցվող. մալարիա
Մալարիան վարակիչ հիվանդություն է՝ պարբերաբար կրկնվող դողէրոցքի դրսևորումներով: Փոխանցվում է մալարիայի մոծակների միջոցով: Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում: Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները, ջրավազանները (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում): Հայաստանում մալարիայի դեպքերը լինում են ամռանը և աշնան սկզբին: Վարակվելու առաջին օրերին լինում են ոչ տիպիկ նշաններ, իսկ մի քանի օրից սկսվում են դողէրոցքի նոպաները՝ սովորաբար սկսվում են առավոտյան՝ 1-2 ժամ տևողությամբ: Դողի հետևանքով մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ հասնելով 40–41 աստիճանի: Տենդը տևում է 6-8 ժամ: Ջերմության բարձրացումն ուղեկցվում է ուժեղ գլխացավով, մկանացավերով, ծարավի զգացումով, անոթազարկի և շնչառության հաճախացմամբ: Մաշկը լինում է կարմրած, չոր, տաք, աչքերը՝ արյունալցված: Նոպան ավարտվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ իջեցումով, որն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ: Նոպայից հետո հիվանդը սովորաբար ուժասպառ քնում է: Զարթնելուց հետո նա իրեն համեմատաբար լավ է զգում: Յուրաքանչյուր նոպայից հետո հիվանդը նիհարում ու հյուծվում է: Դողէրոցքի նոպաները կրկնվում են 2-3 օրը մեկ և չբուժվելու դեպքում կարող են տևել 1-2 ամիս, որից հետո ժամանակավորապես դադարում են: Առաջին իսկ նոպայից հետո անպայման դիմեք բժշկի:
Մալարիայով վարակումը կանխարգելելու համար. հիվանդին մեկուսացրեք և ժամանակին դիմեք բժշկի, մալարիայի օջախում պայքարեք մոծակների դեմ, պատուհանները ցանցապատեք, բնության գրկում երկար մնալու դեպքում կրեք հատուկ պաշտպանիչ հագուստ և մաշկին քսեք մոծակներին վանող քսուքներ: Եթե պետական մակարդակով կատարվում է մալարիայի դեղորայքային կանխարգելում՝ մի հրաժարվեք այդ դեղերից: