Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

2274
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբեր ամսին իրականացրել են 1813 ելք՝ 419-ով պակաս քան 2019-ի հոկտեմբերին: 904 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 524՝ կենցաղային կանչ, 112՝ կեղծ ահազանգ, 273՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 434 մարդ (այդ թվում՝ 5 կին, 3 երեխա), տուժել` 41834 մարդ (այդ թվում՝ 169 կին եւ 182 երեխա): Փրկարարները 11 մարդու կյանք են փրկել: COVID-19 վարակով պայմանավորված, այս հոկտեմբերին, 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ, գրանցվել է արտակարգ դեպքերից զոհերի եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 398- ով (12 անգամ) եւ 40763-ով (39 անգամ): Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2020 թվականի հոկտեմբերին էլ արտակարգ դեպքերի զգալի մասը` 95,3 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 596 ահազանգ (2019 թվականի հոկտեմբերին՝ 975 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 418 դեպքում (2019 թվականի հոկտեմբերին՝ 790 ահազանգ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակը նվազել է 372-ով:

Հոկտեմբերին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 47, տոկոս կամ 198 դեպք: Սա, սակայն, 284-ով պակաս է, քան 2019-ին հոկտեմբերին բուսածածկ տարածքներում գրանցված հրդեհները: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 43, աղբ՝ 37, տրանսպորտային միջոց՝ 35, բնակելի շենք՝ 29, տնակ-ավտոտնակ՝ 18, անասնակեր՝ 9 եւ այլն: 69 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2019 թվականի հոկտեմբերին՝ 77), 92-ում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 17-ում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հոկտեմբերին գրանցված հրդեհների կեսից ավելին՝ 59 տոկոս կամ 248 դեպք, քաղաքներում է եղել, 170 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 243-ով, գյուղական հրդեհներինը՝ 129-ով:

Երեւանում գրանցվել է 150 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 61 դեպք, ամենաքիչը՝ Տավուշը՝ 4 դեպք: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 26 եւ գյուղերը՝ 35: Ամենաքիչը՝ Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Տավուշի գյուղերը՝ երկու հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի հոկտեմբերին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 367 ահազանգ են ստացել՝ 84-ով պակաս քան 2019-ի հոկտեմբերին: ՃՏՊ-ների կեսը՝ 184 դեպք, բախումներն են: 91 դեպք՝ մարդկանց վրաերթ, 45 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 47 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

ՃՏՊ-ներից զոհվել է 30, տուժել՝ 451 մարդ: 2019 թվականի հոկտեմբերի համեմատ զոհերի քանակն աճել է 6-ով, տուժածներինը՝ նվազել 169-ով:

Թունավորում

2020 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 216 թունավորում, զոհվել է 1, տուժել՝ 232 մարդ: 2019 թվականի հոկտեմբերի համեմատությամբ թունավորումների դեպքերը նվազել են 192-ով, զոհերի քանակը՝ 2-ով, տուժածների քանակը՝ 216: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 78, քիմիական նյութեր՝ 42, դեղորայք՝ 19, սննդամթերք՝ 16, շմոլ գազ՝ 10, բնական գազ՝ 6 եւ այլն:

Մայրաքաղաքում գրանցվել է 127 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 35 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ 2 թունավորում: 2020 թվականի հոկտեմբերին Վայոց ձորի մարզում թունավորում չի գրանցվել:

Կորոնավիրուս

Մարտ ամսից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից հոկտեմբերին զոհվել է 400, տուժել՝ 41 004 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 5 փլուզում, 2-ական պայթյուն, քարաթափում, 1-ական մերկասառույց, վայրի կենդանիների հարձակում եւ այլն:

Հրապարակումը պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ