Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԼՈՌՈՒ ՔՈՓ ԹԻՄԻ 36-ԺԱՄՅԱ ՎԱՐԺԱՆՔԸ

ԼՈՌՈՒ ՔՈՓ ԹԻՄԻ 36-ԺԱՄՅԱ ՎԱՐԺԱՆՔԸ

839
Տարածել

«Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) սահմանած չափանիշներին համապատասխանող քաղաքային որոնողափրկարարական թիմերն ունակ են 7-10 օր անընդմեջ՝ 24-ժամյա ռեժիմով, փրկարարական աշխատանքներ իրականացնել և տարեկան երկու անգամ 36-ժամյա վարժանք են անցկացնում: Հայաստանն ունի INSARAG-ի արտաքին որակավորում անցած մեկ և ներքին որակավորում ունեցող չորս թիմ՝ Սյունիք, Լոռի, Տավուշ, Շիրակ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2017-ի աշխատանքային պլանի համաձայն, մայիսի 29-31 հատվածում անցկացվել է Լոռու քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36-ժամյա առաջին վարժանքը: Թեման՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում»: Լոռու ՔՈՓ թիմը ձևավորված է Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներից, իսկ մարզի այլ ՀՓՋ-ների մասնագետներից կազմվել է վարժանքի կազմակերպման և խաղարկման խումբը: Սա առաջին վարժանքն էր, որի սցենարը մշակել էին տեղի մասնագետները՝ կազմակերպման և խաղարկման խումբը: Անցկացման ընթացքը վերահսկելու և հարկ եղած դեպքում օգնություն ցույց տալու համար Լոռի էր մեկնել աշխատանքային խումբ. հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Գևորգ Գալստյան, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սամվել Շահմուրադյան, փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայրապետյան և INSARAG-ի արտաքին որակավորում անցած թիմից Սերգեյ Բիձյան և Կարեն Բաբասյան:

Համաձայն վարժանքի սցենարի՝  Կոտայքի մարզի Գառնի գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը Երևանում  8 բալ ուժգնություն է ունեցել և պատճառ դարձել զանգվածային ավերածությունների: Կան զոհեր և վիրավորներ: Լոռու ՔՈՓ թիմը հասել է Երևան և Ավան վարչական շրջանում ճամբար ծավալել:

Սամվել Շահմուրադյանից տեղեկացանք, որ ճամբարը ծավալվել էր հենց Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածք, իսկ փրկարարական աշխատանքներն իրականացվում էին քաղաքից քիչ հեռու գտնվող լքված, չաշխատող գործարանում՝ «Չինվան» արտադրական ձեռնարկության տարածք: Վարժանքն ուներ երեք փուլ. մոբիլիզացիա (անձնակազմի ազդարարում և հավաք), տեղափոխում (մեկնում աղետի գոտի և փրկարարական աշխատանքների իրականացում), վերադարձ: Վարժանքի անցկացման ընթացքում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն եղել: Արդյունքը բավարար է, գրանցվել են որոշ թերություններ, որոնք կշտկվեն:

Արամ Զաքարյան