Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները մոտ 500 կանչի են արձագանքել

Փրկարարները մոտ 500 կանչի են արձագանքել

174
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ մոտ 500 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած տարվա վերջին կանչը սպասարկել են Շենգավիթի փրկարարները: Ժամը 23։28-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի տներից մեկում ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դուռը բացվել է տանեցիների ուժերով:

2023 թվականի առաջին կանչը սպասարկել են Արմավիրի փրկարարները: Հունվարի մեկին ժամը 00։09-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել:

Անցած շաբաթ գրանցվել է 95 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 36 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 183 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 2 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: