Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 473 կանչի են արձագանքել

Փրկարարները 473 կանչի են արձագանքել

138
Տարածել

Նոյեմբերի 21-27-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 473 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 135 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 29 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 138 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Կենտրոն, Նոր նորք, Դավիթաշեն, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Սյունիքում, Լոռիում, Արարատում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 8 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 8 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Հրդեհաշիջումն ուսումնական հաստատություններում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պաշտ­պանության կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացում վարչական շենքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ատոմակայանի թունելներում», «Հրդեհաշիջում, տարհանում, առաջին բուժօգնության ցուցաբերումն ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջումը դպրոցի կաթսայատանը», «Երկաթուղային վագոնի եւ գլանատակառի վթար», «Հրդեհաշիջման առանձնահատկությունները թունելներում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: