Գլխավոր Միջոցառումներ Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Արմավիրի արվեստի պետական քոլեջում

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Արմավիրի արվեստի պետական քոլեջում

182
Տարածել

Հոկտեմբերի 19-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են կրթօջախի սովորողներն ու դասախոսները:

Ըստ վարժանքի սցենարի, քոլեջի պահեստում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, պահեստում էր մնացել մեկ աշխատակից, որը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ ծխապատ գոտուց:

Քոլեջի տարհանման հանձնաժողովը կազմակերպում է անձնակազմի եւ աշակերտների տարհանումը, իսկ քոլեջի սանիտարական խումբը առաջին բուժօգնություն է ցուցաբերում երեք տուժածի: Փրկարարները հասնում են դեպքի վայր, իրականացնում հետախուզություն, մարտական բացազատում եւ հրդեհաշիջում՝ օգտագործելով շնչառական ապարատները: Ծխապատ պահեստում գտնելով խուճապահար աշխատակցին փրկարարները տարհանում են նրան:

Բացի փրկարարներից ուսումնավարժությանը մասնակցում էին նաեւ այլ ծառայությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ.

  • Արմավիրի բժշկական կենտրոնի բուժաշխատողները եւ շտապ օգնության անձնակազմը քոլեջի հարակից մարզադաշտում ծավալել էին բժշկական տեսակավորման կետ, որտեղ իրականացվեց տուժածների ընդունում, տեսակավորում, բժշկական օգնության ցուցաբերում եւ տեղափոխում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններ:
  • «Գազպրոմ Արմենիա» ընկերության վթարային խումբը վերացնում է կաթսայատան գազի արտահոսքը:
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վթարային խումբը քոլեջի մասնաշենքին հարակից էլեկտրական ենթակայանից դադարեցնում է քոլեջի էլեկտրամատակարարումը՝ փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների անվտանգ իրականացման համար:
  • Ոստիկանները կարգ էին պահպանում բոլոր ուսումնական կետերում եւ հարակից տարածքներում:

Վարժանքի նպատակն էր ստուգել եւ կատարելագործել արձագանքող ուժերի եւ կազմակերպության կազմավորումների գործնական հմտությունները որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում: Փրկարարները վստահ են, որ ուսումնավարժությունը դրական արդյունք է տվել՝ մասնակիցները ավելի զարգացրեցին կազմակերպչական հմտությունները։

 

Լուսանկարները տրամադրել են փրկարարները