Գլխավոր Վերլուծություն 2 ոսկի, 1 արծաթ. ԱԻՆ մարզիկները վերադարձել են հաղթանակով

2 ոսկի, 1 արծաթ. ԱԻՆ մարզիկները վերադարձել են հաղթանակով

218
Տարածել

Հոկտեմբերի 14-15-ը Թբիլիսիում կայացել է Georgia Grand Prix մաս-ռեստլինգի առաջնությունը, որը կազմակերպել էր Եվրոպայի մաս-ռեստլինգի ֆեդերացիան: Մասնակցում էր 5 պետություն՝ Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Լատվիան եւ Ֆինլանդիան: Հայաստանի 12 մարզիկ նվաճեցին 5 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Տպավորիչ ելույթներ ունեցան Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի վեցակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը 70 կգ քաշային կարգում ունեցավ երեք գոտեմարտ եւ դարձավ բացարձակ առաջատար: Յուրիի խոսքով՝ նման մրցաշարերը մեծ փորձ են հավաքականի համար. սովորում ես դիմագրավել դժվարություններին, մրցակցությանը: Ամեն հայ իր պարտքը պետք է համարի ամեն ինչ անել՝ ի նպաստ Հայաստանի:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, մաս-ռեստլինգի եւ ակադեմիական թիավարության բազմակի մեդալակիր, ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության «Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի» հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը 90 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր: Նրա առաջին մենամարտը Վրաստանի չեմպիոնի հետ էր, որն անցավ գերլարված պայմաններում եւ ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով: Երկրորդ մենամարտում Աշոտը մրցեց ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ գրավելով երկրորդ հորիզոնականը: «Ուրախ եմ, որ ամեն ինչ այդ կերպ ընթացավ եւ ոսկե մեդալը Հայաստան բերեցինք: Հնարավոր էր այլ սցենար՝ հայը հայի հետ մրցեր, միմյանց ուժասպառ անեին եւ արդյունքում հաղթեր օտարազգին: Ամեն մրցումից առաջ մեկ նպատակ ենք դնում՝ բարձր պահել մեր դրոշը: Այս գիտակցումը ստիպում է, որ միշտ լավ մարզավիճակում լինես եւ քո տեղը հեշտությամբ չզիջես»,- նկատում է Աշոտը:
Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի խոսքով՝ այս մրցաշարն առանձնահատուկ էր մի քանի պատճառով. Նախ՝ սա Եվրոպայի մաս-ռեստլինգի նորաստեղծ ֆեդերացիայի կազմակերպած առաջին մրցույթն էր, հետո՝ Հայաստանն այդ ֆեդերացիայի նախագահության անդամ է: Բացի դրանից՝ այդ օրերին կայացած Եվրոպայի ֆեդերացայի հանձնաժողովի անդամների նիստում միաձայն որոշվել է, որ հաջորդ տարվա մայիսին մաս-ռեստլինգի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երեւանում:
Մարտին Հայաստանում կանցկացվի այս մարզաձեւից ուսանողական առաջնություն, որի արդյունքում ձեւավորված հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Նալբանդյանը