Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն արձագանքել են 757 կանչի

Փրկարարներն արձագանքել են 757 կանչի

80
Տարածել

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 757 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ են հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է 268 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 34 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 199 կենցաղային կանչ են ստացել: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 38 ահազանգ է ստացվել: 15 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 11 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 20 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկուղային հարկում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: