Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության եւս երկու կարգ

Կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության եւս երկու կարգ

154
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը հաստատել է տեխնիկական անվտանգության երկու կարգ. շարժասանդուղքների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները եւ ավտոգազալցակայանների կառուցման եւ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:

Շարժասանդուղքների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով սահմանված են անվտանգության տասնյակ պահանջներ. շարժասանդուղքների հակահրդեհային անվտանգությունն ապահովելու համար, շարժասանդուղքի նախագծային փաստաթղթերով նախատեսված տեղերում պետք է տեղակայված լինեն հակահրդեհային սարքավորումներ, շարժասանդուղքի կառուցվածքում, մուտքի հարթակներից առաջ, պետք է նախատեսված լինեն շարժասանդուղքի աստիճանի բարձրացումը խոչընդոտող սարքեր, շարժասանդուղքի հասանելի մասերը, որոնք գտնվում են շարժման մեջ, պետք է ապահոված լինեն սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող, հարմար զննում, յուղում եւ տեխնիկական սպասարկում թույլատրող պաշտպանիչ ցանկապատերով եւ այլն:

Բազմաթիվ պահանջներ են սահմանված նաեւ ավտոգազալցակայանների կառուցման եւ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով. նախքան ավտոգազալցակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը, սեփականատերը կամ շահագործող անձը նախագծային փաստաթղթերում հրդեհային անվտանգության նորմերի վերաբերյալ համաձայնություն պետք է ստանա տեղական (համայնքային) հրշեջ մարմիններից կամ դրանց վերադաս մարմնի պաշտոնական կառույցից, ավտոգազալցակայանի տեղակայումը, նախագիծը եւ շինարարությունը պետք է բավարարեն «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջներին եւ ոլորտի հետ կապված այլ նորմատիվ ակտերի պահանջներին, ավտոգազալցակայանից մոտակա բնակելի եւ հասարակական շենքեր պետք է լինի առնվազն 50 մետր հեռավորություն, մինչեւ մշակութային կազմակերպություններ, մանկական եւ բուժհիմնարկներ, ուսումնական հաստատություններ՝ 75 մետր, մինչեւ արտադրական շենքեր՝ 50 մետր եւ այլն: