Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 411 կանչի են արձագանքել

Փրկարարները 411 կանչի են արձագանքել

2406
Տարածել

Ապրիլի 18-25-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 411 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 103 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ գրան փրկարարները 145 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին վեց ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: