Գլխավոր Վերլուծություն Թեմատիկ պարապմունքներ Վայոց ձորի երիտասարդների հետ

Թեմատիկ պարապմունքներ Վայոց ձորի երիտասարդների հետ

939
Տարածել

2021 թվականի հոկտեմբերից ամեն շաբաթ «Երիտասարդական համախմբում» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում անցկացնում է եռօրյա երիտասարդական հավաքներ։ Նպատակը՝ մարզի երիտասարդներին ներգրավվել տարբեր ծրագրերում, նրանց ընձեռել կրթական ու մշակութային նոր հեռանկարներ։

Ճամբարը նախատեսված է 18-30 տարեկան երիտասարդների համար, սակայն քաղաքացիական ակտիվությամբ պայմանավորված՝ կարող են ներառվել նաեւ 17 տարեկան անձինք։ Ամեն շաբաթ դասընթացին մասնակցում է մեկ խոշորացված համայնք։

Հավաքագրման հարցերով զբաղվում են համայնքային համակարգողները, որոնք ճամբարի նախկին մասնակիցներն են։ Մասնակցության հայտադիմումը տարածվում է մարզային ու համայնքային կառույցների միջոցով, սոցիալական հարթակներով։

Ծրագիրն անընդհատ փոփոխվում է․ կազմակերպվում են ռազմական պատրաստության, առաջին օգնության դասեր, սպորտային մրցաշարեր, արշավներ։ Լինում են նաեւ հանդիպումներ հայտնի մարդկանց, համայնքային եւ մարզային պատասխանատուների հետ։ Հարց-պատասխան ձեւաչափի շնորհիվ երիտասարդները ներկայացնում են իրենց հուզող խնդիրները, համայնքային մարմինների հետ համագործակցելու եզրեր գտնում, օրինակ, ինչպես մասնակցել ավագանու նիստերին կամ բյուջեի քննարկմանը։ «Փորձը ցույց է տվել, որ խոշորացված համայնքի բնակավայրերից եկած երիտասարդների ծանոթությունից տարբեր նախաձեռնություններ են ծնվում։ Օրինակ՝ մեր ծրագրերից մեկի շրջանակում «Սյունիք զարգացում» ՀԿ-ի ֆինանսավորմամբ փոքր դրամաշնորհ է տրամադրվել ամեն համայնքից մեկ հաղթող նախագծի՝ խաղահրապարակի վերակառուցման, ընթերցասրահի գույքի համալրման եւ այլ խնդիրների լուծման համար։ Խրախուսում ենք, որ երիտասարդները գաղափարը ներկայացնեն խմբով, այդ խմբերը հետագայում դառնում են համայնքի ակտիվ կորիզը»,- նշում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։

Երիտասարդական ճամբարի գործունեության առաջին իսկ օրվանից, կազմակերպության խնդրանքով, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները թեմատիկ պարապմունքներ են անում։ Հասմիկի խոսքով՝ արտակարգ իրավիճակների մասին մասնակիցների նախնական իրազեկվածությունը միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Կան լավատեղյակներ եւ ոչ այնքան, սակայն դասերը, հատկապես՝ գործնական, մեծ հետաքրքրություն են առաջացնում եւ կարճ ժամկետում բավական գիտելիք տալիս։ Օրինակ՝ եթե թեման բարձրահարկ շենքից տարհանումն է, սովորում են ամեն մանրուք՝ պարանային հանգույցի տեսակներից մինչեւ տարհանման անվտանգության կանոններ։ Յուրաքանչյուր վեց հավաքից հետո թեման փոխվում է։ Նախորդ խմբերն արդեն ծանոթացել են տարհանմանը, գետնանցին, ձայնային ազդանշանների նշանակությանը, փրկարարական հմտություններին։

«Տաք եղանակին գործնական պարապմունքներն ավելացնում ենք։ Մասնակիցների սիրելի թեմաներից են իրավիճակների խաղարկումը, օրինակ՝ գազի արտահոսքի դադարեցում, մոլորված արշավականների որոնում կամ «Օդային տագնապի» ժամանակ համապատասխան գործողություններ։ Խմբերը քննարկում ու շարադրում են իրենց քայլերն՝ ըստ առաջնահերթության։ Վերջերս նաեւ փոքրիկ ֆիլմեր ենք ձեռք բերել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»։ Առաջիկայում մարզային վարչության հետ հստակ ուսումնական պլան կմշակենք»,- մանրամասնում է ՀԿ ներկայացուցիչը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը շարունակական կլինի։ Փրկարարները երիտասարդներին օգնում են նաեւ ոլորտում մասնագիտական կողմնորոշման հարցում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Գալստյանը