Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 39 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 39 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3040
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Դժբախտ ելքով դեպք է արձանագրվել դեկտեմբերի 2-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին: Մյուս երկու հրդեհից տուժածներ չկան:

Կարճատեւ դադարից հետո դեկտեմբերի 4-ին վերսկսվել են զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները՝ Արցախի հանրապետության հյուսիսարեւելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել:

Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 1 ռումբ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, նռնականետի 10 նռնակ եւ 26 արկ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 31, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 20 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 եւ վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 6 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: Տուժել է 2 քաղաքացի, նրանց առողջական վիճակը բավարար է:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն