Գլխավոր ՀՀ ՆԳՆ Բյուջե-2019. ԱԻ նախարարությանը կտրամադրվի 12,571 միլիարդ դրամ

Բյուջե-2019. ԱԻ նախարարությանը կտրամադրվի 12,571 միլիարդ դրամ

1151
Տարածել

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացումների չափերն ու ուղղությունները քննարկվել են այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հիմնական բանախոսներն էին ՀՀ արտռակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ կառավարության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանը եւ վերացմանը՝ հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:

2019 թվականի համար ոլորտի հիմնական խնդիրներն են.

—           Փրկարարական համակարգի կատարելագործում եւ զարգացում՝ այն աստիճանաբար համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձեւավորելով կամավորական փրկարարական ուժեր, փրկարար ծառայողների մասնագիտական, արագ արձագանքման փրկարար ուժերի պատրաստականության բարձրացում եւ տեխնիկական հագեցվածության ապահովում, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի քաղաքացիական պաշտպանության ուժերի ու ստորաբաժանումների խնդիրների առավել արդյունավետ դերաբաշխման եւ կառավարելիության բարձրացում, սահմանամերձ բնակավայրերում փրկարարական եւ արագ արձագանքման այլ ուժերի ստեղծում եւ զարգացում:

—           Սեյսմիկ պաշտպանության ոլորտում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիությունը բարձրացնելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում եւ թվայնացում: Շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման եւ զարգացման ծրագրերում անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրությունը, այնպես էլ սեյսմիկ անվտանգությունը:

—           Հիդրոօդերեւութաբանության մոնիտորինգի ոլորտի հիմնական խնդիրները նպատա-կաուղղված են լինելու հիդրոօդերեւութաբանական ստորաբաժանումների, կայանների եւ դիտակետերի աշխատանքների ավտոմատացմանը, թվայնացմանը, դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին եւ ՀՕԿ-ի (Համաշխարհային օդերեւութաբանության կոմիտե) կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելուն, գործող սարքավորումների անխափան շահագործմանը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերեւութաբանական սպասարկման որակը:

—           Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության ոլորտի հիմնական խնդիրներն են ռադիոլոկացիոն ցանցի արդիականացումը, հակակարկտային հրթիռային համակարգի ներդրումը, կարկտահարություններից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, այգիների պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

—           Ճգնաժամային կառավարման պետական ոլորտի հիմնական խնդիրն է զարգացնել ակադեմիայի հնարավորությունները` դարձնելով այն արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման  կենտրոն:

—           Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության զարգացում` ծառայության մատուցումը հնարավորինս մոտեցնելով միջազգային չափանիշներին: Իրավիճակների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության եւ առաջարկությունների նախապատրաստման համակարգի կատարելագործում:

—           ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պահուստի համակարգի զարգացման եւ բարեփոխումների հայեցակարգի դրույթների իրականացում, նյութական արժեքների կուտակում, թարմացում, փոխարինում եւ պահպանում, այս ոլորտում նոր քաղաքականության մշակում՝ ընդգրկելով մասնավոր սեկտորի հնարավորություններն ու կարողությունները:

—           Աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկի բացահայտման եւ գնահատման համակարգի փուլային ներդրում, սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրում:

Այս նպատակներին հասնելու համար կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 12,571 միլիարդ դրամ՝ 1,593 միլիարդով ավելի քան 2018 թվականին: Գումարը կբաժանվի հետեւյալ համամասնություններով.

Փրկարարական ծառայություններ 7,408 միլիարդ

Հիդրոօդերեւութաբանական ծառայություններ 1,284 միլիարդ

Տեխնիկական անվտանգության կանոնակարգում 46,297 միլիոն

Արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում 113,581 միլիոն

Սեյսմիկ պաշտպանություն՝ 880,666 միլիոն

Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված փրկարարական ծառայողների ուսուցման կազմակերպում 13,333 միլիոն եւ այլն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաեւ միջազգային ծրագրերով է աշխատում: Ճապոնիայի կառավարության եւ Հայ-ռուսական արագ արձագանքման մարդասիրական կենտրոնի աջակցությամբ 2019 թվականին ԱԻ նախարարությանը կհանձնվի համապատասխանաբար 39 եւ 65 միավոր տեխնիկա։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ