Գլխավոր Վերլուծություն Շվեյցարական փրկարարական թիմի կազմում հայ մասնագետները բոլոր առաջադրանքները կատարել են ժամանակին

Շվեյցարական փրկարարական թիմի կազմում հայ մասնագետները բոլոր առաջադրանքները կատարել են ժամանակին

3620
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 18-25-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացված «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող շվեյցարական ծանր, ֆրանսիական միջին թիմերի վերաորակավորման եւ գերմանական թեթեւ թիմի որակավորման վարժանքին մասնակցել են նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Երեք թիմն էլ հաջողությամբ անցել են որակավորման քննությունը:

Մեր երեք ներկայացուցիչ վարժանքի վերահսկող՝ ղեկավար կազմում էր,վեցը՝ շվեյցարական թիմի կազմում մասնակցում էին վարժանքին: Սա պատահական չէ: 2022 թվականի սեպտեմբերին անցկացվելու է INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական միջին թիմի վերաորակավորման վարժանքը, շվեյցարացի մասնագետները մեր մենթորն (օգնող, ուղղորդող) են:

45 ժամ տեւած վարժանքն անցկացվում էր հատուկ ուսումնական բազայում: Ավելի քան 30 հեկտար տարածքում կառուցված էր բնակավայր՝ տարբեր նշանակության շենքերով, ճանապարհներով, հաղորդակցության ուղիներով: Կային վարժանքի համար անհրաժեշտ բոլոր փլուզումների մոդելները, նկուղներ, թունելներ, տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, գործիքների, անհրաժեշտ այլ սարքերի ու սարքավորումների լայն տեսականի: Ողջ բազայի սահուն եւ անխափան աշխատանքն ապահովում էին չորս հրահանգիչ: Այս կենտրոնում շաբաթական վերապատրաստվում է ավելի քան 100 փրկարար:

Վարժանքի վերահսկող՝ ղեկավար կազմում ներգրավված են եղել ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը: Շվեյցարական թիմին օգնող առանձին խմբով հանդես են եկել փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանը, փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը, փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Մարտին Գաբրիելյանը, փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Գեւորգ Խունոյանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը:

Հայկ Նաղդալյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը վիրտուալ հարթակում տեղեկատվության փոխանակման, ամփոփման եւ վերլուծման աշխատանքների պատասխանատուն է եղել: Նրանք շրջել են ուղղաթիռով, կատարել փլուզված շենքերի տվյալների հավաքագրում ու գնատահում Survey 123 եւ Explorer ծրագրերով։ Այս էլեկտրոնային հարթակները պարունակում են մանրամասն տեղեկություն, օրինակ, ինչպիսի՞ փլուզում է, կա՞ արդյոք գազի արտահոսք, քանի՞ տուժած կա տեսադաշտում, ի՞նչ պրոֆիլի փրկարարներ են անհրաժեշտ եւ այլն։ Հայ մասնագետները բոլոր առաջադրանքները կատարել են ժամանակին։ «Հաշվետվություն կազմելու համար նախատեսված այս էլեկտրոնային ծրագրերը նոր են, քանի որ նախորդն իրեն չարդարացրեց։ Գործողությունները, որոնք նախատեսված են ծրագրով, մեր աշխատանքի հիմնական մասն են։ Գնահատում միշտ է արվել, թեպետ՝ թղթային տարբերակով։ Ծրագրերը նախատեսված են միայն INSARAG-ի որակավորում ունեցող փրկարարների համար եւ կիրառվելու են մեր հետագա վարժանքների ժամանակ»,-նշեց Հայկ Նաղդալյանը։

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, մեր մասնակցությունը նպատակ ուներ ուժեղացնել հայկական թիմի միջազգային համագործակցության բլոկը: Շվեյցարիացի փորձագետները մերոնց ասել են. «Արձագանքման առումով հայկական թիմը խնդիրներ չունի, բայց ի տարբերություն եվրոպական թիմերի, որոնք մշտապես են իրար հետ աշխատում եւ միջազգային համագործակցության գործընթացներն ավելի հեշտ են կազմակերպում, մեր թիմը որոշակի իզոլացված է եւ անհրաժեշտ է էլ ավելի շատ փորձ ձեռք բերել, միջազգային համագործակցությունը սահուն եւ ներդաշնակ իրականացնելու համար»: Այս վարժանքը օգնեց մոտիկից տեսնել միջազգային համագործակցության ընդհանուր գործընթացները: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են համագործակցում միջազգային տարբեր կազմակերպությունների եւ տարբեր երկրների ներկայացուցիչները նույն աշխատանքը կենտրոնացված՝ մեկ կետից համակարգելու ժամանակ, նկատեց Արմինե Հայրապետյանը: Նա մասնակցել է նաեւ ողջ եւ անվնաս մարդուց փլուզումից տուժած ստանալու՝ դիմահարդարելու գործին: Սա փրկարարական աշխատանք չի, բայց օգտակար է եւ ուսանելի:

Արմինե Հայրապետյանից տեղեկացանք, որ վարժանքին մասնակցության արդյունքներով առաջարկներ կներկայացվեն INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական թիմի վերաորակավորման վարժանքի վերաբերյալ: Մասնավորաբար՝ վարժանքն անցկացնել բարդացված պայմաններով: 2022 թվականի ապրիլին նախատեսված է մեր վերաորակավորման նախավարժանքը, Հայաստան են ժամանելու շվեյցարացի վեց մասնագետ:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանն էլ տեղեկացրեց, որ ծանոթացել է փրկարարական եւ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումների. «հաճելի էր տեսնել, թե ինչպես են ճիշտ լուծումներով ստացել վարժանքի պայմաններին համապատասխանող իրավիճակներ: Շատ կուզեի, որ նման հնարավորություններ լինեին նաեւ Հայաստանում ու դա կիրառեինք մեր կրթական եւ վերապատրաստման ծրագրերում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են վարժանքի մասնակիցները