Գլխավոր Վերլուծություն ՀՀ եւ ՌԴ մասնագետները կգնահատեն եւս 4 շենքի սեյսմիկ խոցելիությունը

ՀՀ եւ ՌԴ մասնագետները կգնահատեն եւս 4 շենքի սեյսմիկ խոցելիությունը

3061
Տարածել

Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանում կլինեն Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների խնդիրների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի» փորձագետներ Գենադի Նիգմետովը, Ալեքսանդր Մակլակովը, Զինուլա Գայֆուլինը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» մասնագետների հետ համատեղ շենքերի սեյսմիկ խոցելիությունը գնահատելու նպատակով: Սա ռուսաստանցի այս մասնագետների արդեն երրորդ այցն է Հայաստան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը խոսքով, դեռեւս 2018 թվականին, «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» մրջնորդությամբ, Ռուսաստանը մեզ է նվիրել «Ստրունա» շարժական ախտորոշիչ համալիր, որի օգնությամբ հնարավոր է որոշել շենքերի եւ շինությունների սեյսմիկ խոցելիության աստիճանը: Դրան հաջորդել է ռուս մասնագետների երկու այց, որոնցից առաջինը՝ մեր մասնագետներին «Ստրունա» համալիրով աշխատելու դասընթացների համար, երկրորդը՝ մի քանի շենքի սեյսմիկ խոցելիությունը գնահատելու համար: Երրորդ այցի ընթացքում կգնահատվի չորս շենք՝ Գառնի համայնքի պոլիկլինիկա, Երեւանի թիվ 187 եւ թիվ 124 դպրոցներ, «Նոր Արեշ» պոլիկլինիկա: «Ստրունա» շարժական ախտորոշիչ համակարգի օգնությամբ հետազոտվում են տարբեր չափանիշներ՝ բետոնի սեղմման ամրություն, կոնստրուկցիայում դատարկությունների առկայություն եւ այլն: «Նախ ակնադիտական հետազոտություն կիրականացվի՝ ի՞նչ ճաքեր, վնասվածքներ, ձեւախախտումներ կան, կվերհանվեն ծավալահատակագծային կոնստրուկտիվ լուծումների եւ այսօրվա գործող նորմերի անհամապատասխանությունները։ Այսօրվա շատ շենքեր կառուցվել են խորհրդային տարիներին ու այդ անհամապատասխանությունները շատ են։ Ակնադիտական հետազոտությանը կհաջորդի գործիքային հետազոտություն։ Մեր գործընկերները մտադիր են շենքերը գնահատել ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանի առաջարկած մեթոդով։ Գնահատել շենքի դինամիկ բնութագրերը, դրանք համադրել շենքի կոնստրուկտիվ լուծումների առանձնահատկությունների հետ եւ ստանալ շենքի տեխնիկական վիճակի պատկերը», — տեղեկացրեց Գուրգեն Նամալյանը:

Սրանք փորձարարական աշխատանքներ են, որ հետագայում կարող են օգտակար լինել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ