Գլխավոր Միջոցառումներ Վարժանք՝ գինու գործարանում

Վարժանք՝ գինու գործարանում

3151
Տարածել

Նոյեմբերի 25-ին Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատն Իջեւանի գինու գործարանում անցկացրել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանի խոսքով՝ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում վարժանքները տարեկան պլանի կարեւոր կետերից են։ Իջեւանի գինու գործարանը նման օբյեկտ է եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։ «Տարիներ առաջ գործարանում առաջին կանչի խոշոր հրդեհ ունեցանք․ սպիրտի պահեստավորման արտադրամասում առաջացած կրակի պատճառով տանիքն էր վառվում։ Ղեկավարությանն ու սպասարկող անձնակազմին պարբերաբար բացատրում ենք հրդեհի առաջացման պատճառներն ու հետեւանքները, կրակամարիչները թարմացնելու անհրաժեշտությունը։ Ցանկալի է, որ նման օբյեկտներում անվտանգության բարձրացմանն ուղղված ներդրումները շատ լինեն»,- մանրամասնեց հրամանատարը։

Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներին աշխատակազմի պատրաստվածությանը՝ Անդրանիկ Մելիքսեթյանը հավելեց, որ վթարավերականգնողական աշխատանքներում նրանք բավական հմուտ են։ Ապացույցը հենց գործարանի հրդեհն էր, որի ժամանակ աշխատակիցները հրշեջներին հավասար կանխել են հնարավոր վտանգները։

Հրշեջ-փրկարարական ջոկատի սպասարկման տարածքում նաեւ այլ շինություններ կան՝ նախկին Խորհրդային միության մասշտաբով հայտնի Իջեւանի գործագործական, մետալուրգիական ու փայտամշակման գործարանները, որոնք այսօր չեն գործում։ Հրամանատարի խոսքով՝ չգործող ձեռնարկությունների պահեստները դատարկ են ու իրենցից վտանգ չեն ներկայացնում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ