Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Մշակվում է հոգեբանական աջակցության տրամադրման ընթացակարգը

Մշակվում է հոգեբանական աջակցության տրամադրման ընթացակարգը

805
Տարածել

Մայիսի 22-ին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում (աջակից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր`ՄԱԶԾ, ֆինանսավորող՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության վարչության աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային ծրագիր՝ ԴԻԿԵԿՈ) կայացավ աշխատանքային հանդիպում հիմնադրամի եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հոգեբանական ծառայության փորձագետների, մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների,  աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, պաշտպանության նախարարությունների,  ոստիկանության ներկայացուցիչների միջեւ։

Նպատակը՝ ստեղծել արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցության տրամադրման միասնական ընթացակարգ, մշակել առաջնային հոգեբանական աջակցության տրամադրման ուղեցույց, հավաքագրել կամավոր հոգեբանների տվյալների բազա՝ մեծամասշտաբ արտակարգ իրավիճակներում նրանց ներգրավելու համար։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝ քննարկման արդյունքում կողմերն առաջարկել են համատեղել առաջնային հոգեբանական աջակցությունն ու առաջին օգնությունը, այդպիսով՝ փրկարարը դեպքի վայրում դառնում է նաեւ հոգեբան։ Շահագրգիռ կառույցները պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել աշխատանքային թեմատիկ խումբ, որը կաշխատի թե՛ ընթացակարգի մշակման, թե՛ իրավական խնդիրների ուղղությամբ։ «Սպիտակի երկրաշարժից հետո շատ մարդիկ ուշադրությունից դուրս մնացին, ինչը հետագայում հոգեբական լուրջ խնդիրների հանգեցրեց։ Հոգեբանական աջակցության կարիք կար հատկապես ապրիլյան պատերազմի օրերին։ Սա նշանակում է, որ այս կառույցն անհրաժեշտություն է»,- ասաց Արա Բարսեղյանը։

Թեմատիկ խմբի հաջորդ հանդիպումներին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ