Գլխավոր Նորություններ ՍԵՐԽԱՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ

ՍԵՐԽԱՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ

1310
Տարածել

Ապրումակցող մարդկանց զրույց

Ընտանեկան արվեստանոցում հորովելի շունչ կա. ներդաշնակ, խաղաղ համակեցություն է: Փոքր տարածքում երկար տարիներ կողք կողքի ստեղծագործել են հայր ու որդիներ: Հիմա արդեն ավագը՝ Ավետիս Խաչատրյանը, առանձին արվեստանոց ունի: Աբգարը ներսի սենյակից բերում, դասավորում է հոր՝ Սերգեյ Խաչատրյանի վերջին գործերը. կանայք, գյուղ, աղջիկ տեսնելու տեսարան, արոտավայրեր, կլորիկ արևոտ սարեր: Ներս է մտնում ինքը՝ Սերխաչը՝ Սերգեյ Խաչատրյանը: Ջերմ, անմիջական շփում է սկսվում:

 

— Ուրիշ որտե՞ղ ես տեսել էսպիսի լեռներ,- հարցնում է,- աշխարհում ոչ մի տեղ նման բան չես տեսնի: Մեր Վարդենիկի սարերը բոլորն էսպիսին են: Հավանաբար, սրանք հին լեռներ են. հողով ծածկվել են, էլ էն քարերը, ժայռերը չկան:

— Սարյանական շունչ կա այս գործերում,- ասում եմ,- հո չե՞ք նեղանում, վարպե՛տ:

— Եթե ինձ համեմատում ես Սարյանի հետ՝ ես հպարտ եմ,- ասում է:

Հետո Աբգարը բացատրում է, որ իմաստով այդ երկուսը տարբեր են, որ «սարյանական» ասելով՝ մասնագետները նկատի ունեն խոր ազգայինը: Չեմ վիճում: Միևնույն է՝ այդ պահին ինձ համար չկա ավելի ազգային բան, քան այդ կտավների բնաշխարհն է:

Պատանեկությունից մայրաքաղաք տեղափոխված նկարչին այդպես էլ չի լքել հայրենի Զոլաքարի կարոտը: Երիտասարդ տարիքից այն արտահայտվել է թե՛ վրձնով, թե՛ գրչով: Երկրորդի մասին մի տեսակ ամաչելով է խոսում Սերխաչը: Սկզբում մի հայտնի հրատարակիչ չի ընդունել իր բանաստեղծությունները: Տարիներ անց այդ նույն մարդը հորդորել է գրքի վերածել դրանք՝ ասելով, որ նա ավելի շատ բանաստեղծ է, քան՝ նկարիչ: Գյուղական տեսարանները նույն խտությունն ունեն Սերխաչի գրչում և գույներում: Կենդանի, շնչող պատկերներ են դրանք:

Աբգարը ներսից բերում է ոճով խիստ տարբերվող այլ գործեր ևս. Սերխաչի գլուխը՝ վհուկի ոտքի տակ, սերվանտեսյան մոտիվներ:

Հարցնում եմ՝ քո՞նն են: Ասում է՝ չէ, հայրիկինն են: Այդքա՜ն տարբեր… Համաձայնում է, ասում է՝ հայրն ամեն ոճի կտավ ունի՝ աբստրակտից մինչև մոդեռնիստական գործեր:

Նկարչի կտրված գլուխը խորհրդային տարիներին ճնշված ազատությունն է, որ 60-ականներին իր մաշկի վրա է զգացել պատանի Սերգեյը: Այդ շրջանի մասին չի սիրում խոսել: Ինչ էլ ասում է՝ հրապարակման ենթակա չէ: Իսկ Դոն Կիխոտի շարքին հատուկ վերաբերմունք ունի:

— Ա՛յ մարդ, ամեն անգամ տեսնելիս ասում եմ՝ ինչի՞ մեր Նազարին ոչ ոք չի նկարում:

— Ո՞վ պիտի նկարի, եթե ոչ՝ Դուք,- հարցնում եմ:

— Դա էլ ես ճիշտ ասում (ծիծաղում է): Սերվանտես ենք նկարում, բայց մեր Նազարն ավելի լավն ա, է՜:

Սերգեյ Խաչատրյանը միշտ է նկարել: Բայց դա եղել է հիմնական աշխատանքին զուգահեռ: Ասում է՝ խորհրդային տարիներին ոչ ոք չէր պատկերացնի, որ կարելի է նկար վաճառել ու ապրել:

Երկրի անկախության հետ ծնվում է նաև «Վերնիսաժ» երևույթը: Մի օր կինը հորդորում է վերցնել նկարներն ու գնալ այնտեղ: Նկարներն էլ՝ թղթի վրայի գրաֆիկաներ: 10-15 հատ դասավորում է թղթապանակում, գնում «Վերնիսաժ», նկարիչների արանքում մի փոքրիկ տեղ գտնում, դնում գետնին ու կանգնում: Շատ շուտով մի ամերիկահայ է մոտենում, զննում թղթապանակի նկարներն ու թարգմանչի միջոցով գին հարցնում: 180 ռուբլի՝ միանգամից մի ամսվա աշխատավարձ է ասում Սերգեյը: Ու հրաժարվում է դոլար վերցնել: Թարգմանիչը տեղում փոխանակում է գումարն ու նկարչին տալիս պահանջված գումարը՝ ռուբլով: Սա Սերխաչի առաջին վաստակն էր՝ սիրած զբաղմունքից:

Հիմա արդեն իր և որդիների նկարների շնորհիվ ընտանիքը չորս բնակարան ունի և երկու արվեստանոց: Բնակարաններից միայն մեկն է Երևանի Մետրոպոլիտենում աշխատելու շնորհիվ ստացել: Ստացել է ու անմիջապես հեռացել աշխատանքից: Եվ այլևս ոչինչ չէր կարող նրան շեղել արվեստից: Իհարկե, երեք զավակների կարիքների համար նկարում էր նաև կոմերցիոն գործեր:

— Հիմա արդեն՝ չէ: Աբգարս ասում է՝ ինչ ուզում ես՝ նկարիր: Բայց մեկ-մեկ էլ հուշում է (ծիծաղում է): Ասում է՝ քեզ մոտ գյուղական թեման լավ է ստացվում:

— Պապան ամեն ինչ նկարում է: Բայց ես զգում եմ, որ ամենալավը գյուղն է, որտեղ ինքն է՝ իր մանկությունը, որ դաջված է հոգու մեջ,- Աբգարը շարունակում է մանրակրկիտ ներկայացնել հոր արվեստը:- Նաև նկարչի տարբերակման համար են լավ այդ վերհուշերը՝ սար, քար, հանդապահ, խոտհարք, վրաններ, ճանապարհը ոնց էր գնում, գետը ոնց էր գալիս, տատիկը գնացել էր տղայի համար աղջիկ տեսնելու… Հետաքրքիր են:

Հարցնում եմ՝ մեծ կտավներ կա՞ն արդյոք: Ասում է՝ կան, բայց՝ քիչ: Տարածքը փոքր է նման գործերի համար:

— Առաջ, երբ արվեստանոցում մենակ էի, բավարարում էր: Հետո տղաներիցս երկուսը նկարիչ դարձան՝ «անկախ ինձնից»,- Սերխաչն ինքն էլ է ծիծաղում ասածի վրա, հետո բացատրում ասելիքը,- ես չէի ուզում՝ իրենք նկարիչ լինեն: Գաղտնի նկարում էին: Ինձ մնում էր օգնել նրանց:

— Երկուսից ո՞րն է ավելի հաջողված,- հարցնում եմ, չնայած գիտեմ, որ Ավետիսի մասին շատ է խոսվում արվեստագետների շրջանակում:

— Վա՜յ, Ավիկս: Մեծ արվեստագետներից շատերը կուզենային երեխայի տրամաբանություն ունենալ. դա դժվար բան է: Ավիկս չքնաղ երեխա է: Կերպարները հեքիաթային են. ոտաբոբիկ, կարճ ձեռքերով, աչքը՝ վերև…

Աբգարը պատմում է, թե ինչպես տարիներ առաջ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» հայտնի մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը նկատեց եղբորը՝ Ավետիսին ու Մոսկվայում երկու անգամ շքեղ ցուցահանդեսներ կազմակերպեց:

— Ինչո՞ւ ոչ մի բառ քեզանից չես խոսում,- ուզում եմ, որ այդ զուսպ, խաղաղ ձայնով տղան իր մասին էլ պատմի:

— Դե, ես գոհացած չեմ ինձնով: Իմ թերություններն ավելի շատ եմ զգում, քան՝ հաջողությունները: Գոհությունը պահի տակ է լինում, հետո զգում եմ, որ սա էլ է թերի, սա էլ պիտի շարունակություն ունենա: Հետո, ինձ մոտ էքսպերիմենտալ է. անընդհատ փորձում եմ ինչ-որ մի նոր բան, հետո էդ նոր բանը համադրում եմ մյուսին, որ գտել էի…

— Աբգարս ակադեմիկ է,- միջամտում է Սերխաչը:- Նկարչության մեջ գաղտնիք չկա, որ չիմանա: Եվ ձեռքն է լավը: Բայց դեռ փնտրում է: Ինձ թվում է՝ իրեն պատեպատ է խփում. մի ոճում փորձում է իրեն, մի շարք անում, հետո անցնում մյուսին:

— Բայց մի ոճի մեջ մի քանի շարքը բավական չէ՞ նկարչին: Թող անցնի ուրիշին: Բա հո չի՞ լճանալու,- չգիտես ինչու՝ պաշտպանում եմ Աբգարին: Համաձայնում են ու բարեհոգի ծիծաղում հայր ու որդի:

Արվեստանոց է մտնում պայծառ, ծիծաղկոտ Ավետիսը, ծանոթանում և միանգամից աշխուժացնում մեղմ մթնոլորտը: Զանազան ուրախ պատմություններ է պատմում։ Հետո ցույց տալիս Աբգարի աշխատանքները: Ապշեցուցիչ գործեր են՝ կոլաժներ, օֆորտ, մտահորիզոնը՝ ծով: Եվ այս տղան դժգոհ է իրենից: Ինչ լավ է՝ եկավ Ավիկը. Գուցե այդպես էլ չիմանայի, թե ինչերի է ունակ այդ համեստագույն երիտասարդը:

Հետո պատմում են տան կրտսեր տղայի՝ «հռետորի» մասին, որ Իսրայելում դոկտորական է պաշտպանում՝ մշակութաբանության ոլորտում։

Մինչ խոսում ենք, Աբգարը մի հին ճամպրուկ է բերում, միջից ձեռագործ տիկնիկներ է հանում ու դասավորում ճամպրուկի փեղկերին։ Մոր՝ տան «դիրիժորի», հոր թևութիկունքի աշխատանքներն են. կյանքի վերջին մի քանի ամիս զբաղվում էր տիկնիկագործությամբ։

Մի ողջ կյանքի հիշողությունները մանում են միմյանց ապրումակցող մարդկանց զրույցի թելը՝ թեթևացնելով ճամպրուկից տարածվող թավշե թախիծը։

Սեր ու գնահատանք կա այս 45 քմ հարկի տակ։ Այստեղ Մարդն արժեք է ու իր առաքելությունն ունի կյանքում։

 

ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ