Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-2

Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակում-2

2889
Տարածել

Առաջին մասը՝ այստեղ

Ինքնաներկայացում եւ անհապաղ կարիքների մասին հարցում

Ներկայանալիս ասեք ձեր անունը, պաշտոնը եւ նկարագրեք ձեր դերը։ Նրանից խոսելու թույլտվություն ստացեք, բացատրեք, որ դուք այնտեղ եք, որպեսզի պարզեք, թե ինչպես կարող եք օգնել։ Խնդրեք, որ անձը նստի, փորձեք զրույցի համար ապահովել գաղտնիության որոշակի մակարդակ եւ ձեր ամբողջ ուշադրությունը տրամադրեք այդ անձին։ Խոսեք դանդաղ ու հանգիստ, խուսափե՛ք կողքը նայելուց եւ շեղվելուց։ Փորձեք պարզել՝ կա արդյոք որեւէ ճնշող խնդիր, որն անհապաղ ուշադրության է արժանի։ Ծայրահեղ անհրաժեշտ է լուծել անհետաձգելի բժշկական կարիքները։

Գաղտնապահություն

Թեեւ որոշ հետաղետային իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության միջամտությունները կարող են իրականացվել գաղտնիության բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, շատ կարեւոր է տուժածների կամ արտակարգ իրավիճակին արձագանքողների հետ ունեցած ձեր զրույցում նշել գաղտնիության պահպանման մասին։ Հետաղետային միջավայրում աշխատանքի մանրամասների մասին գործընկերների հետ խոսելը կարող է օգտակար լինել, սակայն այս նպատակով ցանկացած քննարկում նույնպես գաղտնիության պահպանման խիստ կարիք ունի։

Անվտանգության եւ հուզական աջակցության ապահովում

Նպատակն է բարձրացնել անմիջական եւ ընթացիկ անվտանգությունը եւ տրամադրել ֆիզիկական, հուզական աջակցություն։

Արտակարգ իրավիճակի անմիջական հետեւանքներից հետո չափազանց կարեւոր է վերականգնել անվտանգության զգացումը, որը կարող է նվազեցնել դիսթրեսը եւ անհանգստությունը։ Առաջին հոգեբանական օգնություն ցույց տալիս հուզական աջակցության եւ հանգստության տրամադրումն առավել էական է հատկապես այն դեպքերում, երբ տուժածները սիրելի մարդ են կորցրել․ նրանց սիրելին մահացել է, կամ հարազատի մահվան լուր են ստացել եւ մարմնի ճանաչում պիտի իրականացնեն։

Անմիջական ֆիզիկական անվտանգության ապահովում

Ֆիզիկական միջավայրն առավել հարմարավետ դարձնելու համար փնտրեք պարզ ճանապարհներ։ Եթե հնարավոր է, հաշվի առեք ջերմաստիճանը, լուսավորությունը, օդի որակը, կահույքի հասանելիությունն ու դասավորվածությունը։ Անօգնականության եւ կախվածության զգացողությունները նվազեցնելու համար տուժածներին առաջարկեք, օրինակ, օգնություն ստանալու համար քայլել դեպի նախատեսված վայր։ Համոզված եղեք, որ առաջին հոգեբանական օգնություն տրամադրելիս առավելագույնս ապահովված է անձանց եւ/կամ խմբերի ֆիզիկական անվտանգությունը․

· Խոսակցության համար գտեք անվտանգ ու անաղմուկ վայր։

· Ստեղծեք տարրական հարմարավետ միջավայր՝ ջուր առաջարկեք եւ այլն։

· Աշխատեք ապահովել տուժածի անվտանգությունը։

· Հեռացրեք կոտրված ապակին, սուր առարկաները, կահույքը, թափված հեղուկը եւ այլ առարկաները, որոնք կարող են մարդկանց սայթաքելու եւ ընկնելու պատճառ դառնալ։

· Մարդուն դուրս հանեք նրան անմիջական վտանգ սպառնացող վայրից, եթե դա կարելի է անել առանց ռիսկի։

· Աշխատեք տուժածին հեռու պահել լրագրողների ավելորդ ուշադրությունից՝ պաշտպանելով նրա կյանքի եւ արժանապատվության իրավունքը։

· Եթե մարդը ճնշված է, աշխատեք նրան մենակ չթողնել։

· Եթե կան անվտանգության հարցեր, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են (սպառնալիքներ, զենքի առկայություն եւ այլն), գտեք համապատասխան մարդիկ, որոնք կարող են լուծել դրանք։

· Պարզեք եւ ապահովեք այն տուժածների անվտանգությունը, որոնք կարող են նպատակաուղղված հալածանքների եւ հետապնդումների ենթարկվել՝ պայմանավորված իրենց ազգությամբ, կրոնով կամ այլ պատկանելիությամբ

Բացի վերոնշյալից՝ հնարավոր է լինեն տուժածների որոշակի վարքային դրսեւորումներ, որոնք եւս առանձնահատուկ ուշադրության են արժանի։ Դրանց պետք է տալ արագ հակազդում:

-Սեփական անձին կամ ուրիշին վնաս հասցնելու սպառնալիք։ Փնտրեք նշաններ, որոնք կհուշեն, որ մարդը կարող է վնասել իրեն կամ ուրիշներին (օրինակ՝ անձն արտահայտում է ուժեղ բարկություն՝ ուղղված իրեն կամ ուրիշներին, ցուցադրում է ծայրահեղ հուզում)։ Եթե այդպես է, ապա անհապաղ աջակցություն խնդրեք բժշկական թիմից, անհետաձելի բուժօգնություն տրամադրողներից կամ անվտանգության աշխատակիցներից՝ նրան զսպելու կամ վերահսկելու համար։

— Շոկ․ Եթե անհատի մոտ առկա են շոկի նշաններ (գունատություն, թույլ կամ արագ սրտխփոց, գլխապտույտ, անկանոն շնչառություն, սառած կամ մշուշոտ հայացք, հաղորդակցման նկատմամբ հակազդման բացակայություն, միզապարկի եւ ստամոքսի վերահսկողության բացակայություն, անհանգստություն, հուզմունք կամ շփոթվածություն), ապա անհապաղ դիմեք բժշկական աջակցության։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հրապարակումը պատրաստվել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի հիման վրա