Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանի ներկայացուցիչը INSARAG-ի վերաորակավորման գնահատող խմբում

Հայաստանի ներկայացուցիչը INSARAG-ի վերաորակավորման գնահատող խմբում

2544
Տարածել

Մարտի վերջին Ֆրանսիայում անցկացվել է «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող ֆրանսիական ծանր թիմերից մեկի՝ FRA02-ի, վերաորակավորումը, որի կառավարման հարցերով գնահատող խմբում ընդգրկված է եղել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:

Հայաստանի փրկարարների թիմը INSARAG-ի արտաքին որակավորում է ստացել 2015 թվականին, իսկ 2017-ին մեր ներկայացուցիչը (Արտավազդ Դավթյան) առաջին անգամ ընդգրկվել է գերմանական THW ծանր թիմի վերաորակավորման գնահատող խմբում: 2017-ին գնահատող խմբում բացի Հայաստանից ներկայացված էին նաեւ Դանիան, Հունգարիան, այլ երկրներ, իսկ 2019-ին՝ Ավստրիան, Գերմանիան, Բելգիան, Ֆինլանդիան, Հորդանանը:

Արտավազդ Դավթյանի խոսքով, ֆրանսիական ծանր թիմը ստեղծվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության առաջին գումարտակի հենքի վրա: Գումարտակում 567 փրկարար կա, ծանր թիմը 67 անդամ ունի: «Թիմի նման հագեցվածության եւ պատրաստվածության չէի հանդիպել: Ցանկացած գույք կամ սարքավորում երեք օրինակից էր՝ օգտագործման, պահեստային եւ խնամքի տակ գտնվող: Գումարտակի 67 ծառայող վերաորակավորվում էր, զուգահեռ երկու արտասահմանյան առաքելություն կար՝ Սիերա-Լեոնեում պայքարում էին Էբոլա վիրուսի դեմ, իսկ Մոզամբիկում ջրհեղեղի հետեւանքներ էին վերացնում: Սա գումարտակի առօրյան էր», — տեղեկացրեց Արտավազդ Դավթյանը:

Բարձր որակներ ունեցող ֆրանսիացի փրկարարների թիմը երիտասարդ է՝ միջին տարիքը՝ 24: Առավել հետաքրքիր է, որ վերաորակավորման վարժանքի երկու տեղամասում էլ հրամանատարները կանայք էին՝ երիտասարդ եւ գրագետ լեյտենանտներ: Գումարտակում հայեր չկան, սակայն բոլորը գիտեն հայերին: Սա էլ Շառլ Ազնավուրի վաստակն է:

Արտավազդ Դավթյանը կարծում է, որ INSARAG-ի որակավորման-վերաորակավորման գնահատողների խմբում ներգրավվելը լավագույն փորձին ծանոթանալու եւ Հայաստանում կիրառելու հնարավորություն է: Օրինակ ֆրանսիական թիմը կառավարման այլ մոտեցում ունի: Հրամանատարը զբաղվում է աշխատանքների միջազգային համակարգմամբ, թիմի աշխատանքները ղեկավարում է հրամանատարի տեղակալը: Սա երկրի փրկարարական հեղինակությունը բարձրացնելու քայլ է: Նոր տեխնոլոգիաներ են կիրառվում թիմի գործունեության կազմակերպման հարցերը լուծելու համար, թիմի անդամների պատասխանատվությունը ավելի շատ է, ինչի արդյունքում թիմի կազմը փոքր է ծանր թիմի համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Դավթյանը