Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ավանդական երաժշտության վերածնունդը՝ թառահար-փրկարարի ձեռքերով

Ավանդական երաժշտության վերածնունդը՝ թառահար-փրկարարի ձեռքերով

2836
Տարածել

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի հրահանգիչ, փ/ծ կապիտան Ալեքսանդր Սահակյանը նաեւ երաժիշտ է՝ նրանցից, որոնք փորձում են պահպանել եւ տարածել հայ ավանդական երաժշտությունը։ Արդեն 16 տարի Ալեքսանդրն աշխարհի հետ խոսում է թառի լեզվով՝ ներկայացնելով հայ աշուղական, գեղջկական, ազգագրական, հոգեւոր եւ այլ ժանրի երաժշտություն։ «Քաղաքային մեջլիսների, գյուղական շրջագայությունների եւ խնջույքների ժամանակ հայ աշուղների ու գուսանների երգերը նվագակցվել են թառով, սազով, քամանչայով ու դափով։ Ցավոք, «կարմիր գրքում» հայտնված այս ժողնվագարաններն այսօրվա հասարակական կյանքում քիչ են ներկայացվում, եւ անտարբերության հետեւանքով մենք պարզապես կարող ենք կորցնել այս ժառանգությունը»,- մտահոգություն է հայտնում երաժիշտը: Նա ցավով է նկատում, որ 2012 թվականին UNESCO-ն թառի կատարողական վարպետությունը ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչեց, այնինչ հայ գուսանական երգերի մասին հիշատակումները դեռ 5-րդ դարից են գալիս։

Թառի հանդեպ սերն Ալեքսանդրի հայրը՝ թառահար Հովիկ Սահակյանն է սերմանել։ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի եւ այլոց ստեղծագործությունները երիտասարդի կատարմամբ հնչել են մոտ 4 տասնյակ երկրների բեմերում՝ արժանանալով մրցանակների։ Իր ամենամեծ ձեռքբերումը, սակայն, Ալեքսանդրը գիտելիքն է համարում, որը ստացել է աշխարհահռչակ երաժիշտների հետ շփումից։ «Բարոկո երաժշտության հայտնի կատարող Ժորդի Սավալը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայի ոգի» խորագրով ծրագիր էր իրականացնում, եւ մի խումբ երաժիշտներս հնարավորություն ունեցանք հայկական երգ-երաժշտությունը ներկայացնելու։ Զարմանալի էր այդ մարդու սերը հայերիս եւ մեր երաժշտության հանդեպ, նա նույնիսկ Ստամբուլում համերգներից առաջ իր ելույթն անսպասելիորեն Ցեղասպանությանը նվիրեց։ Բեմական արվեստի գաղտնիքները նրանից եմ սովորել»,- նշում է թառահարը։

Մեկ տարի առաջ հերթական շրջագայությունից հայրենիք վերադառնալով՝ Ալեքսանդրն ընկերոջ՝ երգիչ, դափահար Արամ Մովսիսյանի հետ որոշեց «մշակութային հեղափոխություն» անել եւ ստեղծեց «Եռախոսություն» նախագիծը՝ թառի, դափի եւ երգի համակցությամբ։ Նպատակն էր քարոզել ժողովրդական նվագարանները, վերականգնել թառի մշակութային արժեքը։

Երիտասարդի խոսքով՝ մեկ երաժշտություն «վերակենդանացնելու» համար տասնյակ մասնագետներից հարցուփորձ են անում, փորփրում պատմական իրադարձությունները, որպեսզի ունկնդրին լիովին փոխանցեն այդ շրջանին բնորոշ կոլորիտը։ Շուտով երաժշտասերների դատին կհանձնվի նաեւ Ալեքսանդրի «Տատեոնի պար» հեղինակային ստեղծագործությունը, որն ուրվագծում է Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Տատեոն գյուղից իր նախնիների գաղթի ճանապարհը։

Բեմական կյանքն Ալեքսանդրի միակ ընտրությունը չէ։ Մասնագիտական տարբեր աստիճաններ հաղթահարելուց հետո՝ պատմական գիտությունների թեկնածություն, հեռուստալրագրություն եւ այլն, նա ի վերջո նախընտրել է ճգնաժամային հաղորդակցության ոլորտը։ 2015 թվականից աշխատանքի է անցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ներկայումս INSARAG միջազգային որոնողափրկարարական թիմի պահեստային խմբի անդամ է։ «Հանրային իրազեկումը կարեւոր գործոն է։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ հասարակությանը կրթելով՝ մոտ 30 տոկոսով հնարավոր է կրճատել աղետի ժամանակ զոհերի եւ տուժաների թիվը։ Այսօր էլ բնակիչները պաշտպանության հասարակ կանոններին չեն տիրապետում։ Պետք է փոխել հեռուստաեթերների նկատմամբ պետական քաղաքականությունը, զարգացնել նախաճգնաժամային լրատվությունը»,- ամփոփում է մասնագետը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Սահակյանը

«Եռախոսություն» նախագծից որոշ օրինակներ.

Գուսան Շահեն. «Ալմաստը շողում է»

Գուսան Ջիվանի. «Սպիտակ մազեր»