Գլխավոր Սպիտակ-30 25 զեկույց՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին

25 զեկույց՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին

2833
Տարածել

Մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում ամփոփվեցին «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց․ փորձ եւ հեռանկարներ» մրցույթ-միջոցառման արդյունքները։ Այն տրամաբանական շարունակությունն էր համանուն միջազգային գիտաժողովի, որն անցկացվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով 18 երկրի գիտնականների։ Մրցույթին մասնակցել էր 25 խումբ՝ 180 աշակերտ ու ուսանող Երեւանից եւ վեց մարզից։

Բյուրեղավանի ավագ դպրոցի սաները ներկայացրել էին երկրաշարժի ժամանակ պաշտպանության վարքականոնը՝ հիմնվելով Սպիտակի երկրաշարժի դասերի վրա։ «Փորձի փոխանակման արդյունքում աշակերտները միմյանցից շատ բան սովորեցին։ Ցավոք, պետք է նշեմ, որ անկախ արտակարգ իրավիճակների մասին երեխաների իրազեկվածությունից՝ վտանգ դեռ կա։ Բազմիցս բարձրաձայնել եմ, որ սխալ է դպրոցներում դուռ-պատուհանները փակելու եւ հսկելու մոտեցումը՝ դասից փախչելը բացառելու համար։ Երկրաշարժն անկանխատեսելի է, այլ քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց աշխարհագրության ուսուցչուհի Խանում Ուխոյանը։

Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները տարիքով ամենափոքր մասնակիցներն էին։ Աշխարհագրության ուսուցչուհի Զարուհի Մելքոնյանը պատմեց, որ բազմաթիվ ցանկացողներից ընտրել են Սպիտակի երկրաշարժի մասին լավագույն զեկույցների հեղինակներին։ Մրցույթի ժյուրիին հատկապես զարմացրել էր այն, որ հինգերորդ դասարանցին կարող է խիստ մասնագիտական տեքստն այդպես լավ ընկալել եւ մատուցել լսարանին։ «Բնագիտություն» առարկայի շրջանակում երկրաշարժին ընդամենը մեկ դաս է հատկացվում։ Մեր դպրոցում փորձ արվեց հարակից դասերի ընթացքում նույնպես անդրադառնալ թեմային։ Իմ կարծիքով՝ սա բավարար չէ, արտակարգ իրավիճակներին նվիրված ժամաքանակները պետք է ավելացնել եւ հաճախ անցկացնել վարժանքներ, որպեսզի պաշտպանությունը դառնա բնազդ, կենցաղի մի մաս»,- նշեց ուսուցչուհին։

Աշխարհում տեղի ունեցած առավել ուժգին երկրաշարժերի մասին ելույթով հանդես էին եկել նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Մարիաննա Ալավերդյանը, Արսեն Մկրտչյանը, Լիաննա Ոսկանյանը, Անահիտ Մանասերյանը եւ Էմիլ Մաթեւոսյանը։ Մարիաննայի խոսքով՝ զեկույցը պատրաստել են մեկ օրում՝ ուսումնառության երեք տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքի շնորհիվ։ Ապրիլի 15-ից Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հերթական ծրագրով կուրսն ուղեւորվելու է մարզեր՝ երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները դասավանդելու տարրական դասարանների աշակերտներին։

Հանդիպման ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, ժյուրիի որոշմամբ՝ մրցանակային տեղերի արժանացան բոլոր թիմերը։ Որպես խրախուսանք՝ առաջիկայում կկազմակերպվեն այցեր դեպի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան եւ Սպիտակի երկրաշարժի խզվածքի գոտի, իսկ տարիքով փոքր աշակերտները թանգարանում կանցնեն հատուկ կրթական ծրագրեր։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները