Գլխավոր Սպիտակ-30 Մարդասիրություն՝ առանց սահմանների

Մարդասիրություն՝ առանց սահմանների

350
Տարածել

«Դեկտեմբերի 17-ին մեկնեցի Լենինական։ Այդ ժամանակ ռազմականացված հրշեջ-պահպանության ուսումնական կենտրոնի պետն էի։ Մեկ բառով հնարավոր չէ բնութագրել ինչ էր կատարվում։ Մարդիկ ցնորվել էին հարազատի կորստից։ Մահացածներին հողին հանձնելն անհնար էր․ օգնող ձեռք չկար։ Միակ փրկությունն օղին էր, որն իրականություն էր վերադարձնում»,- պատմում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանը, որն իր անձնակազմի, ֆրանսիացի եւ ղազախ կամավորների հետ որոնողափրկարարական աշխատանքներ է կատարել  Լենինականի բարձրահարկ շենքերից մեկի տարածքում։ 10-րդ օրը նրանց հաջողվեց փլատակներից դուրս բերել կենդանության նշաններ ցույց տվող մի կնոջ։ Այս առիթով Пожарное дело ամսագիրը հատուկ հոդված նվիրեց կատարված հրաշքին։

Պերճ Կարապետյանի խոսքով՝ օտարերկրյա փրկարարները պայքարում էին ամեն կյանքի համար, ինչպես իրենց արյունակցի։ Մարդկային գործոնը բարձր մակարդակում էր։

Բնակչությունը սոված էր, դաշտային խոհանոցները կամավորների համար էին։ «Որպես շտաբի պետ՝ զինվորական մասից մեքենա վերցրի եւ մեկնեցի Երեւան։ Շատերն անտեղյակ էին կատարվածից։ Հասարակական սննդի օբյեկտներից պաշար հավաքեցինք, Օպերայի հրշեջ-պահպանության խմբի պետ Ժորային խոհարար նշանակեցի, եւ առաջին անգամ Լենինականում տաք սնունդ մատուցեցինք, հիմնականում՝ ապուրներ։ Երբեք չեմ մոռանա հրշեջ մասի դիմաց հերթ կանգնած երեխաներին, որոնք հացի մեքենային էին սպասում»,- վերհիշում է Պերճ Կարապետյանը։

Սպիտակի երկրաշարժը ոչ միայն փլուզումների, այլեւ համատարած խորքային հրդեհների էր հանգեցրել, որոնց դեմն առնել հնարավոր չէր՝ սառնամանիքի պատճառով հրշեջ-մեքենաների պոմպերը սառչում էին: Սա չէր կանգնեցնում հրշեջներին: Նրանք գիտեին, որ այդ պայմաններում միակ տարբերակը կրակը մեկուսացնելն էր ու հենց դա էին անում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ