Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ համակարգում քննարկվում է ԵՄ «Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագիրը

ԱԻՆ համակարգում քննարկվում է ԵՄ «Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագիրը

644
Տարածել

Եվրոպական միության Թվինինգ ծրագրով Հայաստանում կիրականացվի «Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագիրը: Ֆինանսավորման ներկայացվելիք առաջարկը ամբողջացնելու համար Հայաստանում են Եվրամիության փորձագետներ Քրիստի Ռաիդմանը, Գրեգոր Ժանինը: Նրանք հանդիպումներ են ունենում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի տարբեր ստորաբաժանումներում. «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն» եւ այլն: Հոկտեմբերի 31-ին ԵՄ փորձագետները ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էին:

«Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագրի նախագծով առաջարկվում է աշխատել երեք ուղղությամբ. զարգացնել քաղաքացիական պաշտպանության իրավական դաշտը եւ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման կարողությունները, աջակցել ծրագրի մարզային եւ համայնքային շահառուների պարտականությունների ճիշտ բաշխմանը եւ կարողությունների ընդլայնմանը, աջակցել մարդկային ռեսուրսի կարողությունների արդյունավետ զարգացմանը:

Այս շաբաթ նախագիծը կքննարկվի ԱԻՆ ստորաբաժանումներում, շաբաթվա վերջին քննարկումների արդյունքները կամփոփվեն, որից հետո կպատրաստվի «Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագրային առաջարկը եւ ԱԻՆ ղեկավարության հավանությունը ստանալուն պես կուղարկվի ԵՄ՝ ֆինանսավորման:

Եվրոպական միության Թվինինգ ծրագիրը Հայաստանում գործնականում սկսել է 2009 թվականից: Մինչ օրս իրականացվել է մոտ 20 ծրագիր տարբեր ոլորտներում՝ «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում», «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով», «Ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում», «Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության կարգավորիչ եւ ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման եւ նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորի օժանդակություն», «Աղտոտման համալիր կանխարգելում եւ հսկման համակարգ», «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում ու ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ