Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Առաջին ձյուն, առաջին արգելափակումներ

Առաջին ձյուն, առաջին արգելափակումներ

598
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 80 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Շենգավիթ, Աջափնյակ, Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանի եւ Սյունիքի ու Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Մեկ օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սարի Թաղի 6-րդ փողոցում թեւերը կարված արծիվ կա: Մինչ փրկարարների ժամանումը քաղաքացիները քանդել են թեւերի կարերը; Փրկարարները թռչունին հանձնել են կենդանաբանական այգի:

Անցած շաբաթ տեղացած առաջին ձյան հետ արձանագրվել են առաջին արգելափակումները: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ: Հրշեջ-փրկարարները Մ-11 ավտոճանապարհի 28-36-րդ կմ հատվածից դուրս են բերել 8 բեռնատար եւ 13 մարդատար ավտոմեքենա (65 ուղեւոր): Վայոց ձորում էլ ահազանգ է ստացվել, թե Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 165-167-րդ կմ հատվածից դուրս են բերել 4 մարդատար եւ 2 բեռնատար ավտոմեքենա (15 ուղեւոր):