Գլխավոր Միջոցառումներ Ժայռամագլցման պատ Ստեփանավանում (լուսանկարներ)

Ժայռամագլցման պատ Ստեփանավանում (լուսանկարներ)

1085
Տարածել

Սեպտեմբերի 2-ին Ստեփանավան քաղաքի Սոճիների պուրակում կայացավ ժայռամագլցման արհեստական պատի՝ սկալոդրոմի բացման արարողությունը։ Ծրագիրն իրականացրել է «Լոռէ» ՍՊ ընկերությունը՝ Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։

Էքստրեմալ սպորտաձեւում իրենց ուժերը փորձելու էին եկել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ։

11 մետր բարձրությամբ սկալոդրոմը նախագծել են հայ փորձառու լեռնագնացները, մասնակիցներին տրամադրվում են էքստրեմալ տուրիզմի ոլորտում առաջատար ընկերությունների արտադրած սարքավորումներ ու հանդերձանք։ Սկալոդրոմն ունի երեք երթուղի, նախատեսված է թե՛ սկսնակ, թե՛ պրոֆեսիոնալ մագլցողների համար։

«Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանը նշում է մյուս սպորտաձեւերի համեմատ ժայռամագլցման առավելությունները․ այն ամբողջովին ձեւավորում է կազմվածքը, քանի որ մագլցելիս գործի են դրվում բոլոր մկանները, զարգացնում  դժվարությունները հաղթահարելու մտածողություն, հավասարակշռություն ու շարժման ճկունություն, սովորեցնում միշտ հասնել դրված նպատակին, ցրում սթրեսն ու լարվածությունը։ Ժայռամագլցումն օգտակար է հատկապես երեխաների համար, որոնք դառնում են ավելի կենտրոնացած, ինքնավստահ, պատասխատատու, ինքնուրույն հաղթահարում են վախերը, դպրոցում ցուցաբերում լավ առաջադիմություն։

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այս սպորտում նվաճումներ ունենալ, «Լոռէ» ջոկատի հրահանգիչները հրավիրում են անդամագրվելու փոքրերի եւ մեծերի համար նախատեսված վճարովի խմբակներին, որտեղ նրանք կուսուցանվեն ոչ միայն ժայռամագլցման, այլեւ կյանքի հմտություններ, ձեռք կբերեն առաջին օգնության գիտելիքներ։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար ժայռամագլցման պարապմունքներն անվճար են։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Լոռէ» փրկարար ջոկատը