Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Ուսուցիչները պատրաստ են համագործակցելու (լուսանկարներ)

Վարժանքներ․ Ուսուցիչները պատրաստ են համագործակցելու (լուսանկարներ)

556
Տարածել

Մայիսի 17-ին Երեւանում եւ մարզերում իրականացվեցին տարբեր թեմաներով վարժանքներ։

«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի բացօթյա մարդաշատ սրահում, որտեղ տեղակայված են բեմահարթակ եւ երաժշտական գործիքներ, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները կատարել են պայմանական հրդեհաշիջում, ռեստորանի աշխատակիցներին բացատրել հրդեհի դեպքում իրենց առաջնային գործողությունները՝ տարածքի հոսանքազրկում, գազամատակարարման դադարեցում։ Առաջարկվել է ձեռք բերել փողրակ եւ օգտագործել տարածքում առկա ջրի ծորակը։ «Համալիրի ղեկավարությունը կարեւորում է հակահրդեհային անվտանգությունը, ինչի շնորհիվ մինչ օրս ահազանգեր չենք ունեցել։ Հաճախակի կատարվում են կանաչապատման եւ ծառերի էտման աշխատանքներ»,- նկատեց Աշտարակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանը։

Արարատի պետական քոլեջում վարժանքի թեման հրդեհաշիջումն ու անձնակազմի տարհանումն էր։ Արարատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանի խոսքով՝ վարժանքների ընթացքում առաջնահերթ կարեւորում են տարհանման ճշտությունը, ոչ թե ժամանակը, քանզի նախապես տեղյակ լինելով միջոցառումից՝ մասնակիցները շտապում են րոպե առաջ դուրս գալ շենքից՝ թույլ տալով թերություններ։ Հատկապես ուսուցիչները երբեմն մոռանում են դասամատյանները՝ արդարանալով, որ անգիր գիտեն իրենց աշակերտներին; Իրական արտակարգ իրավիճակում կարող է խուճապ առաջանալ, կարեւոր է յուրաքանչյուր երեխայի մասին տեղեկություն ունենալը․ «Դասախոսներին ներկայացրել ենք առաջնային հրդեհաշիջման աշխատանքները եւ հորդորել փոքր մաստշաբի հրդեհի դեպքում չմնալ փրկարարներն հույսին, այլ ինքնուրույն գործել: Քոլեջը ջոկատից 12 կմ հեռու է, իսկ այդ ընթացքում կրակը մեծ տարածք կարող է ընդգրկել»։

Երեւանի թիվ 101 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Սովորողների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Ըստ պլանի՝ տագնապի ազդանշանից հետո կատարվել է տարհանում, դպրոցի հետախուզական կազմավորումը հայտնաբերել է մեկ տուժած՝ ոտքի կոտրվածքով։ Փրկարարական կազմավորումը տեղափոխել է տուժածին դրսում ծավալված բուժկետ։ «Թե՛ երեխաների, թե՛ ուսուցիչների շրջանում փոքր-ինչ խառնաշփոթ էր զգացվում, որը կարճ ժամանակում շտկվեց։ Օպերատիվ էին գործում հատկապես բուժկազմավորման անդամները։ Տնօրենին խորհուրդ տրվեց տագնապի ազդարարումը հաճախակի կրկնել՝ առանց նախնական զգուշացման»,- ասաց Երեւանի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգիս Ավետիսյանը՝ հավելելով, որ դպրոցի ուսուցիչները էնտուզիազմով եւ պատրաստակամությամբ են արձագանքում վարժանքների անցկացմանը։

«Տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով վարժանք իրականացրին թիվ 79 մանկապարտեզի կազմավորումները։ ԵՓՎ Մալաթիա-Սեբաստիա բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Մերուժան Խուրշուդյանը մանրամասնեց. 150 սան տարհանվել էին երկու մուտով՝ թույլատրելի ժամանակում։ Մասնագետի դիտարկմամբ՝ արտակարգ իրավիճակներում մանկապարտեզում անվտանգ տեղաշարժին կարող են խոչընդոտել արտաքին քարուքանդ աստիճանավանդակները, դռների բարձր շեմերն ու դեպի ներս ուղղվածությունը։

Մայիսի 18-ին Սեւանի «Գալիք» մսուր-մանկապարտեզում առաջին անգամ անցկացվեց տարհանման եւ հրդեհաշիջման թեմայով վարժանք։ Սեւանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Էվելինա Խաչատրյանը ժպիտով նշեց՝ տեղում պլանում փոփոխություններ են կատարվել, տարհանվել են ոչ միայն մանկապարտեզի դահլիճում գտնվող, այլեւ բոլոր խմբերի սաները։ Երեխաների ցանկությամբ ավելացվել է պայմանական տուժածների քանակը։ Նրանցից երկուսը վախից թաքնվել էին մահճակալի տակ եւ պահարանում, իսկ մյուսը ծխից «ուշագնաց» էր եղել։ Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձեռքերի վրա եւ պատգարակով։

Վարժանքին ներկա են գտնվել նաեւ ծնողները։ Հրդեհաշիջումը կատարվել է մանկապարտեզի բակում՝ կահույքը չվնասելու նպատակով։ Փրկարարները հետաքրքրասեր փոքրիկներին թույլ են տվել բռնել փողրակի ծայրը եւ մասնակցել գործընթացին։ «Երեխաները քաջատեղյակ էին 911 հեռախոսահամարից։ Տնօրինությունից հրավեր ենք ստացել մասնակցելու հակահրդեհային անվտանգության դասընթացի, պատրաստ ենք օգնել գրականությամբ եւ խորհուրդներով»,- ամփոփեց Էվելինա Խաչատրյանը։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում, Երեւանի թիվ 188 դպրոցում եւ թիվ 62 մանկապարտեզում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ