Գլխավոր ՀՀ ՆԳՆ «Բարի երթ եւ հնարավորինս քիչ արտակարգ իրավիճակներ» (լուսանկարներ)

«Բարի երթ եւ հնարավորինս քիչ արտակարգ իրավիճակներ» (լուսանկարներ)

7623
Տարածել

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Վարչապետը արձանագրեց, որ վերջին տարիներին ԱԻ նախարարության պատասխանատվության ոլորտում շատ բան է արվել եւ հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքներին նոր լիցք կհաղորդվի: Կառավարությունն ու նոր նախարարը դրա համար ամեն ինչ կանեն:

Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց երեք առաջնահերթություն. քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային պաշտպանություն եւ սեյսմիկ պաշտպանություն եւ նկատելով, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ ըստ էության հակամարտության կողմ ենք, հավելեց.  քաղաքացիական պաշտպանությունը լրջագույն առաջնահերթություն է:

Վարչապետի խոսքով, արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն առկա խնդիրների կոնկրետ լուծումներ, նախարարությունը հանրության վստահության բարձր մակարդակ ունի, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ այժմ պաշտպանության նախարարությունն է ղեկավարում, պատրաստ է իր փորձը փոխանցել Հրաչյա Ռոստոմյանին, վերջինիս խոսքով, մենք ապրում ենք նոր Հայաստանում, հանրության մեջ դրական լիցքեր կան ու ամեն ինչ անելու ենք այդ լիցքերը բազմապատկելու համար: Այս ամենի հանրագումարը հաջողությունների հասնելու եւ ձեռքբերումներ գրանցելու լավ հիմք է: Իսկ արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատողի ամենամեծ ձեռքբերումը արտակարգ իրավիճակների քիչ քանակն է: «Բարի երթ եւ հնարավորինս քիչ արտակարգ իրավիճակներ»,- հանդիպման ավարտին մաղթեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ